Տավուշի մարզում տեղակայված զորամասերից մեկում նախօրեին միջադեպ էր տեղի ունեցել, որի հետևանքով ժամկետային զինծառայող էր մահացել ևս մեկը վիրավորվել էր: Մարդու իրավունքների պաշտպանըայս առնչությամբ դիմել էր ՊՆ և առաջարկել էր ՀՀ պաշտպանության նախարարին հնարավոր ձևաչափով Ազգային ժողով ներկայացնել տարեկան հաշվետվություն զինված ուժերում մարդու իրավունքների վիճակի, մասնավորապես մահացության դեպքերի առաջացման պատճառների, կանոնադրային հարաբերությունների խախտումների, խեղումների, բժշկական ծառայության տրամադրման վիճակի, ՀՀ պաշտպանության նախարարության կողմից իրավիճակի փոփոխությանն ուղղված գործողությունների և դրանց արդյունքների մասին:
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննսիյանը արձագանքել է Օմբուդսմենի առաջարկին. «Մենք շնորհակալություն ենք հայտնում Օմբուդսմենին այդ հարցով անհանգստանալու համար և ցանկանում հիշեցնել, որ պաշտպանության նախարարությունը միշտ խնդիրների առողջ և թափանցիկ քննարկումներ կազմակերպելու պատրաստակամություն է հայտնել և քանիցս նման քննարկումներ նախաձեռնել:
Նշված հարցերի վերաբերյալ պաշտպանության նախարարությունը եղել և կլինի բոլոր շահագրգիռ կողմերի և կառույցների մասնակցությամբ լսումների անցկացման նախաձեռնողը: Ընդ որում նման լսումները մենք կազմակերպում ենք առանձին- առանձին նշված բոլոր հարցերի մասով քանի որ դրանք պահանջում են մանրակրկիտ քննարկումներ և ոչ թե ընդհանրացում: Նման քննարկուներ արդեն եղել են ԱԺ-ում և լինելու են հետայսու ինչպես նաև կլինեն քննարկումներ ՊՆ-ում»:





