AM
17 Մայիս 2013 - 11:34 AMT

16 օրվա ընթացքում 10 տոկոսով կրճատվել է մարզերից մայրաքաղաք եկող հղիների թիվը

Համաշխարհային բանկի ներկայացուցիչները Հայաստանում իրականացնում են վարկային ընթացիկ ծրագրերի արդյունքների գնահատում և մոնիտորինգ։ Այսօր կայացած հանդիպման ընթացքում նրանք ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին ներկայացրեցին երկշաբաթյա առաքելության արդյունքները, քննարկեցին առաջիկա ծրագրերը: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում են ԱՆ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Ըստ աղբյուրի ՝ Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Սուսաննա Հայրապետյանը տեղեկացրել է, որ նախարար Դումանյանի հետ կայացած նախորդ հանդիպումից հետո թիմն ակտիվորեն աշխատել է։

Նախարար Դումանյանը Համաշխարհային բանկի թիմին շնորհակալություն հայտնեց կատարած աշխատանքի և բարձր գնահատականի համար։ Նա իր հյուրերին ներկայացրեց վերջին մեկ տարվամ ընթացքում մարզային հիվանդանոցների ֆինանսվորման բարելավման, մասնագետներով համալրման և բժշկական ծառայությունների բարելավման ուղղությամբ կատարված քայլերը։

Մասնավորապես անդրադարձավ 2013 թվականի բյուջեով պետական պատվերով իրականացվող հիվանդանոցային բուժօգնության համար տրամադրվող միջոցների համամասնությունն ի օգուտ մարզերի փոխելու, մարզերում մասնագետների պակասը լրացնելու և չիրականացվող մասնագիտացված բժշկական օգնությունը բնակչությանը հասանելի դարձնելու նպատակով Երևանում տեղակայված բազմապրոֆիլ բժշկական կազմակերպությունները, այդ թվում` երրորդ մակարդակի ծննդատները, մարզային բժշկական կենտրոններին կցելու, մայիսի 1-ից Ծննդօգնության և Երեխայի պետական հավաստագրերի մարզային կտրվածքով տեղայնացնելու և իրականացվող այլ քայլերին։ Ասաց, որ նշված միայն վերջին ձեռնարկման շնորհիվ անցած 16 օրվա ընթացքում 10 տոկոսով կրճատվել է մարզերից մայրաքաղաք եկող հղիների թիվը։