ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր Սևանում հյուրընկալվել է Ջրի եվրոպական 11-րդ երիտասարդական խորհրդարանի անդամներին: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում է ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինը:
Այս տարի երիտասարդական խորհրդարանի հյուրընկալող երկիր է ընտրվել Հայաստանը, և մայիսի 12-19-ը եվրոպական 15 երկրից 90 երիտասարդ միասին քննարկում են ջրային ռեսուրսների կառավարման հիմնախնդիրները:
Փոխվարչապետը նկատել է, որ հավաքի քննարկման թեման կարևոր և արդիական է ինչպես շատ երկրներում, այնպես էլ Հայաստանում: Նա նշել է, որ կարևոր է երիտասարդներին նման կարևորագույն խնդիրների հետաքրքրությունը և ողջունել դրանց լուծմանը մասնակից լինելու նրանց ձգտումը:
Փոխվարչապետի խոսքով` ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման խնդիրները ՀՀ կառավարության օրակարգում են: Գալիք տարիներին կառավարության ուշադրության կենտրոնում են լինելու հատկապես ջրամբարաշինության և ջրակուտակման նոր հնարավորությունների ստեղծման հարցերը, վերջին տարիներին լուրջ աշխատանքներ են իրականացվել ոռոգման համակարգի ենթակառուցվածքների, համայնքներում խմելու ջրի ցանցի վերականգնման ուղղությամբ: Նա տեղեկություններ է ներկայացրել ոլորտում նախատեսվող և իրականացվող ծրագրերի մասին:
Ա. Գևորգյանը պատասխանել է նաև երիտասարդներին հետաքրքրող հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին Հայաստանում ջրային պաշարներին, դրանց կառավարման մեխանիզմներին:





