Եվրաինտեգրման գործընթացը շարունակում է մնալ Հայաստանի արտաքին քաղաքականության գերակա ուղղություններից մեկը: Այդ մասին այսօր հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը 2005 թվականին ՀՀ ԱԳՆ գործունեության արդյունքներին նվիրված մամլո ասուլիսի ժամանակ: Նրա խոսքերով, գործընթացը Հայաստանի համար խիստ կարեւոր է քաղաքական, տնտեսական, օրենքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության եւ այլ բնագավառներում իրականացվող բարեփոխումների եւ եվրոպական չափորոշիչներին դրանց հետագա համապատասխանեցման տեսանկյունից: «Հետապնդելով Եվրոպական Միությանն անդամակցելու հեռագնա նպատակ` եվրաինտեգրման ճանապարհին իրականացված յուրաքանչյուր քայլ նպաստում է, որպեսզի մեր երկրում արմատավորվեն իրավական պետության եւ շուկայական տնտեսության բաղադրիչները»,-ավելացրել է ՀՀ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը:
Նրա խոսքերով, Եվրամիության հետ Հայաստանի հարաբերություններում 2005թ. տեղի ունեցած նշանակալի առաջընթացը Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում Հայաստան-ԵՄ Գործողությունների համատեղ ծրագրի (ԳՀԾ) շուրջ բանակցությունների սկիզբն է: Ընդունված ընթացակարգի համաձայն, բանակցությունների առաջին փուլին նախորդեց լայն ծավալի աշխատանք, այդ թվում` մարտին Եվրահանձնաժողովը հրապարակեց Հայաստանի մասին զեկույցը եւ ԳԾ մշակման գործընթացին հավանություն տվող Հաղորդագրությունը: Նոյեմբերին Երեւանում անցկացվեց բանակցությունների առաջին փուլը, որը Եվրոպական Միությունը եւ Հայաստանը գնահատեցին արդյունավետ: Դեկտեմբերին Բրյուսելում ԵՄ Տրոյկա-Հայաստան հանդիպմանը երկուստեք պատրաստակամություն հայտնվեց Գործողությունների համատեղ ծրագրի հետագա համաձայնեցումն ավարտել 2006թ. սկզբին Բրյուսելում կայանալիք խորհրդակցությունների երկրորդ փուլի ընթացքում, նշեց Վ.Օսկանյանը:
Ինչպես հայտարարեց ՀՀ ԱԳՆ ղեկավարը, տեղի են ունեցել Գործընկերության եւ համագործակցության համաձայնագրով (ԳՀՀ) նախատեսված ինստիտուցիոնալ մարմինների հանդիպումները: Հանդիպումների ընթացքում քննարկվեցին Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում համագործակցության հեռանկարները, երկկողմ առեւտրատնտեսական կապերի զարգացման առաջնային ուղիները, Հայաստանում ժողովրդավարական գործընթացներին, ԼՂ հարցին, էներգետիկ ոլորտին, տարածաշրջանային համագործակցությանն առնչվող եւ այլ հարցեր: Ըստ Վ.Օսկանյանի, շարունակվել է Հայաստանի եւ ԵՄ միջեւ ակտիվ քաղաքական երկխոսությունը, որի հիմնական թեմաներն են եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը, Հայաստանի երկաթուղային գծերի լիակատար ներառումը տարածաշրջանի երկաթուղային համակարգի մեջ առանց նոր գծերի եւ հավելյալ ծախսերի (Կարս-Ախալքալակ-Թբիլիսի), ինչպես նաեւ հայ-թուրքական սահմանի բացումը Թուրքիայի ԵՄ անդամակցության բանակցությունների ենթատեքստում:
Հոկտեմբերին աշխատանքային այցով Բրյուսելում էր գտնվում Հայաստանի նախագահ Ռ. Քոչարյանը, որտեղ նա մի շարք հանդիպումներ ունեցավ եվրոպական կառույցների բարձրաստիճան պաշտոնյաների հետ: ՀՀ ԱԳՆ ղեկավարը հայտարարեց, որ անցյալ տարի բավականին ակտիվ են եղել նաեւ ԵՄ-Հայաստան միջխորհրդարանական շփումները: Ապրիլին Հայաստանում էր գտնվում Եվրոպական խորհրդարանի պատվիրակությունը, որը մասնակցեց Հայոց ցեղասպանության 90-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովին: 2005 թվականին տեղի ունեցան նաեւ Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ, դեսպան Հեյկի Տալվիտիեի երեք աշխատանքային այցելությունները Հայաստան: Հոկտեմբերին տեղի ունեցավ նաեւ ԵՄ Տրոյկայի պատվիրակության այցելությունը` Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ, դեսպան Բրայըն Ֆոլի ղեկավարությամբ:





