2005 թվականին Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների թիվը համալրվեց Լիտվայով, Հոլանդիայով, Վենեսուելայով եւ Լեհաստանով: Այդ մասին այսօր հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը 2005 թվականին ՀՀ ԱԳՆ գործունեության արդյունքներին նվիրված մամլո ասուլիսի ժամանակ: Նրա խոսքերով, Ռուսաստանի Պետդուման մեկ անգամ եւս հաստատեց նախկինում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը: Արգենտինայի Սենատը երկու հայտարարություն ընդունեց, որում դատապարտում է Հայոց ցեղասպանությունը, Գերմանիայի խորհրդարանն ընդունեց հատուկ բանաձեւ 1915թ. իրադարձությունների եւ Գերմանիայի մեղսակցության վերաբերյալ: ԱՄՆ Կանզաս նահանգը նույնպես համապատասխան որոշում ընդունեց: Ինչպես նշել է Հայաստանի արտգործնախարարը, 2005թ. Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի ուղղակի արդյունք է նաեւ այն հանգամանքը, որ Հայոց ցեղասպանության հիմնահարցը առավել արտահայտված կերպով դուրս եկավ Թուրքիայում «արգելված» թեմաների շարքից եւ լայն քննարկման արժանացավ թուրք հասարակության շրջանում: 2005թ. Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովը Հայոց ցեղասպանության հիմնահարցի քննարկման հատուկ նիստ գումարեց, վարչապետ Էրդողանը հանդես եկավ պատմաբանների հանձնաժողով ստեղծելու առաջարկով, իսկ Բիլգի համալսարանում առաջին անգամ կազմակերպվեց Հայոց ցեղասպանության փաստը ճանաչող գիտնականների գիտաժողով:
Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունը գնալով ավելի հստակեցվում է Թուրքիա-ԵՄ լիիրավ անդամակցության գործընթացում, որպես «սեփական պատմության հետ հաշտվելու» պահանջ: Այս դրույթը ամրագրվել է 2005թ. սեպտեմբերի 28-ի Եվրախորհրդարանի կողմից «Թուրքիայի առաջընթացի զեկույցում», ուր հստակ նշվում է, որ «որպես ԵՄ լիիրավ անդամակցության նախապայման Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանության փաստը»: ՀՀ ԱԳ նախարաը նշեց, որ 2005թ. միջազգային ծավալով նշվեց Հայոց ցեղասպանության 90-ամյակը: Հայաստանում եւ աշխարհի բազմաթիվ երկրներում տեղի ունեցան գիտաժողովներ, հանրային քննարկումներ, ցուցահանդեսներ, հանդիպումներ: Համաշխարհային մամուլը լայնորեն արձագանքեց այդ իրադարձությանը: ՀՀ ԱԳ նախարարը հատկապես կարեւորեց Երեւանում ապրիլի 20-21-ին կայացած «Ծանրագույն հանցանք, ծայրագույն մարտահրավեր. Ցեղասպանությունն ու մարդու իրավունքները» թեմայով միջազգային գիտաժողովը, որին մասնակցեցին միջազգային ճանաչում ունեցող գիտնականներ, փորձագետներ եւ քաղաքագետներ աշխարհի մոտ երկու տասնյակ երկրներից, այդ թվում Թուրքիայից:





