AM
10 Հունվար 2006 - 13:09 AMT

Վ.Օսկանյանը նախանշել է Հայաստանի արտաքին քաղաքականության որոշ կարեւոր ուղղությունները 2006 թվականի համար

«Անցած 2005 թվականը բավականին արդյունավետ էր եւ լավ նախադրյալներ է ստեղծել 2006 թվականի համար»,-հայտարարել է արտգործնախարար Վարդան Օսկանյանը 2005 թվականին ՀՀ ԱԳՆ գործունեության արդյունքներին նվիրված այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ: Անցյալ տարվա կարեւոր ձեռքբերումների թվում նա նշել է Հայաստանի եվրաինտեգրման հաջող ընթացքը Հայաստանում, Սահմանադրության բարեփոխման հարցով կայացած հանրաքվեն, ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի Գործընկերության անհատական ծրագրի հաստատումը: Նա նաեւ նշել է 2006 թվականի համար աշխատանքի կարեւոր ուղղությունները: Մասնավորապես, Հայաստանի անկախության 15-ամյակի տոնակատարությունը, Հայաստան-Սփյուռք գիտաժողովի անցկացումը, ինչպես նաեւ մշակութային դիվանագիտության ոլորտը: Վ.Օսկանյանը պարզաբանել է, որ մշակութային դիվանագիտության ուղղությունը ներառվել է 2006 թվականի Հայաստանի արտաքին քաղաքականության գերակա ուղղություններում կապված այնպիսի իրադարձությունների հետ, ինչպես Հայաստանի տարվա անցկացումը Ռուսաստանում, ինչպես նաեւ Հայաստանի տարին Ֆրանսիայում:
Պատասխանելով ղարաբաղյան հակամարտության գոտում միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայման հնարավորության, նրանց կազմի եւ ԵԱՀԿ ծրագրման խմբի Բաքու կատարած այցի մասին հարցին` Վ.Օսկանյանը նշել է, որ ԵԱՀԿ ծրագրման խումբը եղել եւ Երեւանում, եւ Բաքվում: «Նրանք պետք է իրենց առաջարկները ներկայացնեն ինչպես խաղաղապահ ուժերի տեղակայման, այնպես էլ նրանց թվի եւ կազմի վերաբերյալ»,-հայտարարել է Վ.Օսկանյանը: Մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի գծով ԵԱՀԿ ամենամյա զեկույցը` Հայաստանի ԱԳ նախարարը նշել է, որ անձամբ չի կարդացել զեկույցը, սակայն, «ԵԱՀԿ-ում Հայաստանի ներկայացուցիչները դրական են գնահատել փաստաթուղթը»: Մեկնաբանելով իր վերջին հայտարարությունն այն մասին, թե Ռուսաստանի կողմից գազի գների բարձրացումը ոչ միայն տնտեսական, այլ նաեւ քաղաքական խնդիր է` ՀՀ ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ իրոք այդ հարցը կարող է ունենալ նաեւ քաղաքական հետեւանքներ, ինչպես, օրիկնակ, Ուկրաինայի դեպքում: «Դեռեւս այդ հարցի շուրջ բանակցություններ են ընթանում»,-նշել է նա եւ հույս հայտնել, որ հունվարին Հայաստանի նախագահ Ռ.Քոչարյանի այցը Մոսկվա կնպաստի այս խնդրի լուծմանը: