Հունվարի 9-ին Լիբանանում Հայաստանի դեսպանությունում տեղի է ունեցել ընդունելություն` Լիբանանում Հայաստանի դեսպան Արեգ Հովհաննիսյանի առաքելության ավարտի կապակցությամբ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ընդունելությանը մասնակցել են Լիբանանի կառավարության անդամներ, պատգամավորներ, օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, լիբանանահայ համայնքի հոգեւոր ղեկավարներ, քաղաքական եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, գործարարներ: Ա. Հովհաննիսյանն իր ելույթում մասնավորապես անդրադարձել է վերջին չորս տարում հայ-լիբանանյան հարաբերությունների խորացման ուղղությամբ դեսպանության տարած աշխատանքներին, ներկայացրել համագործակցության հեռանկարները: Լիբանանում տեղի ունեցող իրադարձությունների լույսի ներքո դեսպանն իր զորակցությունն է հայտնել երկրի իշխանություններին ու ժողովրդին` ժողովրդավարության եւ ինքնիշխանության ամրապնդման հարցում: Շնորհակալություն հայտնելով հյուրընկալ երկրի բոլոր քաղաքական եւ հասարակական օղակներին ցուցաբերած աջակցության եւ Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ ունեցած հատուկ վերաբերմունքի համար` Ա.Հովհաննիսյանը հույս է հայտնել, որ Լիբանանը շուտով կվերագտնի իր կայունությունը եւ ամենակարճ ժամանակահատվածում կտրուկ շրջադարձ կկատարի դեպի բարգավաճում եւ բարօրություն: Հատուկ երախտագիտությամբ Լիբանանում Հայաստանի դեսպանը նշել է հայ-լիբանանյան հարաբերությունների հաստատման օրվանից դեսպանության կողքին կանգնած լիբանանահայ համայնքի անհատ ներկայացուցիչների եւ կազմակերպությունների տարիների ընթացքում ցուցաբերած անմնացորդ նվիրումը: Ընդունելությանը մասնակցող Հայ Առաքելական եկեղեցու Լիբանանի թեմի առաջնորդ Գեղամ Ս. եպիսկոպոս Խաչերյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի անունից, դեսպան Հովհաննիսյանին է շնորհել «Կիլիկիո ասպետ» շքանշանը: Հիշեցնենք, որ մինչ այդ դեսպան Ա.Հովհաննիսյանը արժանացել էր Լիբանանի նախագահ Էմիլ Լահուդի կողմից շնորհված «Grand Officer», ինչպես նաեւ Լիբանանի կաթողիկե թեմի կողմից շնորհված «Սուրբ Վարդան» շքանշանների:





