AM
26 Մայիս 2013 - 10:39 AMT

Հայտնի է Տավուշում խոշոր վթարից տուժածների ինքնությունը. Ուղևորներից մեկի վիճակը ծանր է

Հայտնի է դարձել Տավուշում խոշոր վթարից տուժածների ինքնությունը: ԱԻՆ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ հրշեջ-փրկարարները տեղի բնակիչների հետ համատեղ ավտոմեքենայից դուրս են բերել 13 ուղևոր, ովքեր տեղափոխվել են Նոյեմբերյան քաղաքի բժշկական կենտրոն:

Նատալյա Արմագանյանցի (1951 թ.), Մանուկ Ղազարյանի (1987 թ.), Արամ Խաչատրյանի (1965 թ.), Հովհաննես Հովհաննիսյանի (1960 թ.), Գոռ Խաչատրյանի (1975 թ.), Ռուբիկ Խաչատրյանի (1961 թ.), Սամվել Խաչատրյանի (1965 թ.), Արտյոմ Հակոբյանի (1974 թ.), Հրաչյա (1954 թ.) և Արթուր (1985 թ.) Խաչատրյանների, Անուշ Ղարբազյանի (1976 թ.) և Լյովա Պապոյանի (2000 թ.) առողջական վիճակները բժիկները գնահատել են բավարար, իսկ Լիաննա Մկրտչյանինը (1996 թ.)` ծանր:

Հիշեցնենք, որ առավոտյան դեռևս չբացահայտված հանգամանքներում Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհի 23-րդ կիլոմետրին «Մերսեդես» մակնիշի 33օօ476 պետհամարանիշի միկրոավտոբուսը (վարորդ` 1957 թ. ծնված Կ.Կոջողլյան) դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել, ինչի հետևանքով ուղևոր՝ 1961 թ. ծնված Ա.Թորոսյանը տեղում մահացել է: