ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանն արձագանքել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլդար Մամեդյարովի հայտարարությանը` Արցախի անկախության հարցի կապակցությամբ: Վերջերս Ադրբեջանի ԱԳ նախարար Էլդար Մամեդյարովը Մոսկվայում անցկացրած բանակցությունների ժամանակ կատարել է հերթական տարօրինակ հայտարարությունը կապված Արցախի անկախության փաստի հետ, մասնավորապես նշելով, որ «…ադրբեջանցիները նույպես ռեֆերենդումի մասնակցելու կարիք ունեին և պետք է իրենց խոսքն ասեին Լեռնային Ղարաբաղի անկախության հանրաքվեի ժամանակ»: Պարոն Մամեդյարովը երևի մոռացել է, որ ադրբեջանցիները իրենք իրենց անկախության հանրաքվեն անցկացնելիս հայերի կարծիքը չեն հարցրել և դուրս գալով Խորհրդային Միությունից անկախացել են` հնարավորություն տալով ինքնորոշվելու նաև ԼՂՀ-ին: Ավելին, ըստ իրենց հռչակագրի նրանք ինքնորոշվել և անկախացել են Ադրբեջանի առաջին հանրապետության` «Մուսաֆաթական Ադրբեջանի Հանրապետության» տարածքային ամբողջականության շրջանակներում, որի կազմի մեջ երբևիցե չի եղել և չէր էլ կարող լինել Արցախը, ասվում է ԵՀՄՖ հայտարարության մեջ:
Արցախի ինքնորոշման ակտը Ադրբեջանի մոտ առաջացրել է այն ժամանակվա համար սովորական ռեակցիա` հարձակում ինքորոշված երկրի վրա նրա սուվերենությունը վերացնելու նպատակով: Արդյունքում Ադրբեջանը հասել է տոտալ անհաջողության ու իր իսկ հարկադրած պատերազմում պարտվելով ծնակաչոք աղերսել է խաղաղություն: Արցախի բնակչության անցկացրած հանրաքվեին, ժամանակին այնտեղ բնակվող ադրբեջանցիները չեն մասնակցել իրենց իսկ մեղքով, և այսօր բողոք ներկայացնելը ոչ այլ ինչ է, քան դեմագոգիա, մանավանդ, որ նրանց քսան տոկոսից ավելի նվազ ձայների քանակը չէր կարող ազդել հանրաքվեի արդյունքների վրա: Ավելին, եթե պարոն Մամեդյարովը գտնում է, որ այդ հանրաքվեին հանուն արդարության պիտի մասնակցեին նաև ազերիները, նուն դատողությամբ կարող է պնդել, որ Ադրբեջանում անցկացվող ցանկացած հանրաքվե արդարացի չի կաորղ լինել, քանի որ նրան չի մասնակցում այդ երկից վտարված ավելի քան կես միլիոն հայությունը:
Լիովին անհասկանալի են նաև պարոն Մամեդյարովի երազանքները `«մադրիդյան սկզբունքների» հիման վրա նվաճել ազատագրված տարածքների ոչ թե յոթ շրջաններն, ինչպես ինքը նշում է, այլ թեկուզ մի փոքրիկ հատված անգամ, երբ Արցախի մի շարք տարածքներ (Շահումյան, Գետաշեն) դեռևս գտնվում են Ադրբեջանի հսկողության տակ և ենթակա են վերադարձման: Ադրբեջանը վաղուց է հասկացել, որ Արցախի և ազատագրված տարածքների միակողմանի վերադարձման գաղափարը սին է ու անիրականալի, իսկ պատերազմով այն նվաճելը, եթե այն ժամանակ, երբ հայկական չկազմավորված մարտական ուժերը և հատկապես ռազմական տեխնիական թույլ էր, դրսից օգնությունն էլ բացակայում էր չստացվեց, ապա այսօր անկասկած անհնարին է:
Այսօր ՀՀ-ն ունի պատրաստված բանակ և գերհզոր ռազմական տեխնիկա, որը կբավարարի ոչնչացնելու ադրբեջանական ուժերին բազմակի անգամներ, մանավանդ որ ՀՀ-ն ՀԱՊԿ-ի անդամ է և բնական է, որ օգտվելու է դաշնակիցների հզոր ռազմական օգնությունից: ՀՀ-ի մեջքին կանգնած է նաև սփյուռքը, որն այսօր բազմակի անգամներ առավել կազմակերպված է, քան այն ժամանակահատվածում էր:
Այսպիսով, Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությունները մնում են մեզ համար անհասկանալի և կրկնում կամ հիշեցնում են այդ երկրի նախագահ Ալիևի հիմնազուրկ պատկերացումներն իրենց կողմից հնարած պատմության, տարածքային ընկալումների, անհասկանալի «ազգային մշակութային արժեքների», և ազգի հիմքը հանդիսացող այլ անհրաժեշտ տարրերի շուրջ` տարրեր, որոնց հիման վրա հարյուրամյակների և հազարամյակների ընթացքում ձևավորվել են քաղաքակիրթ ազգերն ու պետությունները և որի բացակայությունը ստիպում է քսաներրորդ դարում արհեստածին ադրբեջանական պետությանը դիմել ամեն տիպի պատմական կեղծարարությունների` բռնել այլ ազգերի մշակութային արժեքների ոչնչացման կամ սեփականաշնորհման ուղղին, և դառնալ չարիք տվյալ տարածաշրջանի երկրների և սեփական ժողովրդի համար:





