AM
29 Մայիս 2013 - 12:33 AMT

Քաղաքապետը հանձնարարել է արդիականացնել մայրաքաղաքի ջրահեռացման համակարգը

Քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ «Երևան ջուր» ընկերության տնօրենը զեկուցել է, որ նախօրեին մայրաքաղաքում տեղացած առատ տեղումների հետևանքով որոշ փողոցներում գրանցվել է անձրևաջրերի առատ հոսք, ինչի արդյունքում մայրաքաղաքի որոշ փողոցներում կարճ ժամանակով նկատվել են անձրևաջրերի կուտակումներ: Ընկերության տնօրենի հավաստմամբ՝ ջրի կուտակման պատճառը ջրահեռացման գործող համակարգի թողունակության ներկայիս հնարավորություններով է պայմանավորված եղել:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ստեղծել աշխատանքային խումբ, որը կարճ ժամանակում կքննարկի և հատկապես խոցելի համարվող փողոցների մասով կներկայացնի առաջարկություն՝ ջրահեռացման համակարգերի թողունակության բարձրացման ուղղությամբ.

«Շինբարեկարգման այս տարվա ծրագրերով ավելի քան 30 փողոցներում իրականացվելու են հիմնանորոգման աշխատանքներ: Աշխատանքներն իրականացնելիս պետք է հատուկ ուշադրություն դարձնել նաև ջրահեռացման համակարգերին: Այդ առումով կարող է նաև ջրահեռացման խողովակների և հորերի ավելացման անհրաժեշտություն առաջանալ, ինչը պարտադիր պետք է իրականացնել: Իսկ այն հատվածներում, որտեղ հիմնանորոգման աշխատանքներ չեն իրականացվելու, կփորձենք որոշակի միջոցներ ձեռնարկել, որպեսզի հարցին լուծում տանք»,- ընդգծել է քաղաքապետը: