AM
30 Մայիս 2013 - 05:45 AMT

«Եկեք կանխենք գազի սակագնի բարձրացումը» նախաձեռնություն. ՀԾԿՀ հանցավոր քայլը տապալվեց

«Եկեք կանխենք գազի սակագինը» քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել նախօերին Հանրային ծառայությունները կարգավարող հանձնաժողովում տեղի ունեցած գազի գնի բարձրացման շուրջ քննարկումների վերաբերյալ:

«Հանրությունը ականատես եղավ, թե ինչպես տապալվեց ՀԾԿՀ-ի նախագահ Ռոբերտ Նազարյանի՝ հանցավոր քայլը ձևական լսումների միջոցով արտագաղթին նպաստող, գազի և էլեկտրաէներգիայի ազգասպան սակագները հաստատելու փորձը: Պետք է նշել, որ ՀԾԿՀ ներկայացուցիչների կողմից այդպես էլ չհստակեցվեց միջոցառման կարգավիճակը՝ աշխատանքային քննարկում թե՞ հանրային լսում (իսկ դրանք իրարից արմատապես տարբերվող հասկացություններ են), ինչը, ըստ էության, նպատակ էր հետապնդում, որ հետագայում, հանձնաժողովի դիրքորոշումները մատուցվելու էին ըստ ցանկության և անհրաժեշտ ձևով:

Հանրության ներկայացուցիչներին թյուրիմացության մեջ գցելու և ապակողմնորոշելու համար ՀԾԿՀ-ն ցանկանում էր այդ միջոցառումն անցկացնել իր վարչական շենքի նկուղային հարկի փոքր սրահում, որտեղ կարող էին տեղավորվել սակավաթիվ մարդիկ: Այդ սենյակում չկային աշխատանքային պայմաններ և անհրաժեշտ սարքավորումներ (խոսափողներ): ՀՀ քաղաքացիներն ապացուցեցին, որ հանրության մասնակցությունը, իրական հանրային լսումներին, կրում է և կրելու է սկզբունքային բնույթ: Հետայսու քաղաքացիների միջոցների հաշվին պաշտոնավարողները պարտավոր են հարգանք ցուցաբերել քաղաքացիների նկատմամբ և հաշվի նստել նրանց հետ և հաշվի առնել նրանց դիրքորոշումը: Տեղի ունեցածը վկայում է նաև, որ քաղաքացիները կամք ու եռանդ ցուցաբերելու դեպքում կարող են հանրությանը վերադարձնել քրեաօլիգարխիկ համակարգի զավթած պետական լծակները: Ժողովրդի գրպանը մտնելու մենաշնորհների փորձը կանխելու համար, կոչ ենք անում բոլոր քաղաքացիներին՝ միավորվել հանուն ձեր երեխաների առողջության և բարեկեցության»,- ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ երեկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը գազի գնի բարձրացման շուրջ աշխատանքային քննարկում էր հրավիրել, որը տապալվեց: Ակտիվիստները և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները պնդում էին, որ քննարկման դահլիճը փոքր է և քիչ մարդ կարող է մասնակցել: Նրանք չհամաձայնեցին հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի՝ հանձնաժողովի շենքում մեկ այլ դահլիճ տեղափոխվելու առաջարկին:

Ավելի ուշ ՀԾԿՀ-ն հայտարարություն տարածեց, որում ասված է. «ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը տեղեկացրել էր, որ բնական գազի և էլեկտրական էներգիայի սակագների վերանայման գործընթացի թափանցիկությունը և հրապարակայնությունը հանրության համար ապահովելու նպատակով՝ մայիսի 29-ին կազմակերպվելու է աշխատանքային քննարկում: Ցավոք, աշխատանքային քննարկումը չկայացավ, ներկա գտնվող որոշ մասնակիցների ոչ կառուցողական մոտեցումների պատճառով: Կարևորելով բնական գազի և էլեկտրական էներգիայի սակագների վերանայման գործընթացի վերաբերյալ հանրության իրազեկվածության ապահովումը, ղեկավարվելով հանձնաժողովի գործունեության հրապարակայնության սկզբունքով, խնդրում ենք բոլոր շահագրգիռ կողմերին, նշված գործընթացի հետ կապված գրավոր և բանավոր առաջարկությունները, մինչև մայիսի 31-ը, ժամը 18:00, ներկայացնել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով»:

Ավելացնենք, որ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ քննարկումից հետո նախանշված է, որ հանձնաժողովը կկայացնի նաև որոշումներ` սահմանելով գազի և էլեկտրաէներգիայի նոր սակագներ: