Երևանի քաղաքապետարանը հայտարարում է Երևանի Հանրապետության հրապարակի վերակառուցման հայեցակարգային նախագծի հանրապետական բաց մրցույթ:
Մրցույթի նպատակն է ընտրել այն նախագծային առաջարկությունները, որոնք ուղղված կլինեն Հանրապետության հրապարակի կարևորագույն ճարտարապետական համալիրի արդիականացմանն ու հարմարեցմանը քաղաքաշինական զարգացման արդի գործընթացներին:
Քաղաքապետարանը գտնում է, որ
– Հրապարակն իրականում վերածվել է տրանսպորտային գերբեռնված հանգույցի, իր բոլոր բացասական ազդեցություններով,
– Հանրապետության հրապարակին անմիջականորեն հարող տարածքների կառուցապատման արդյունքում ակտիվ սիլուետներ են ձևավորվել հրապարակի շուրջ, էականորեն աղճատելով համալիրի մասշտաբայնության և դոմինանտության կարևոր պայմանները,
– Հրապարակը ձևավորող որոշ մասնաշենքեր գործառնական նշանակությամբ վերափոխվել են
– Կառուցվել է երկու կարևորագույն հրապարակների միջև հետիոտն կապ հանդիսացող Հյուսիսային պողոտան,
– Հանրապետության հրապարակը, հանդիսանալով համայն հայության խորհրդանիշ ու համազգային, համապետական և համաքաղաքային միջոցառումների իրականացման կարևորագույն հարթակ, Լենինի արձանի և դրա տրիբունայի ապամոնտաժման արդյունքում, ունի որոշակի դժվարություններ, զանազան հանդիսությունների կազմակերպման խնդրում:
Մրցույթի հայտարարության մեջ ասված է, որ առանձնակի ուշադրության կարժանանան հատկապես այն առաջարկությունները, որոնք հիմնավորված կլինեն մայրաքաղաքի կենտրոնի քաղաքաշինական առկա իրադրության համակողմանի վերլուծությամբ և այդ համատեքստում առավել հիմնավոր լուծումներ կառաջադրենհրապարակի և հարող տարածքների վերակառուցման, ծավալատարածական հորինվածքների զարգացման և ներդաշնակման, ճարտարապետական միասնականության ապահովման խնդիրներում:
Մրցութային աշխատանքներ ընդունվում են այսօրվանից մինչև 2013 թվականի օգոստոսի 29-ը:
Մրցույթի արդյունքներով ընտրված երեք լավագույն աշխատանքները կպարգևատրվեն 1-ին, 2-րդ և 3-րդ մրցանակներով, յուրաքանչյուրը՝ համապատասխանաբար 1մլն դրամական պարգևով: Մրցութային հանձնաժողովի որոշմամբ ուշադրության արժանացած ևս երեք աշխատանքներ կարող են ստանալ խրախուսական մրցանակներ, յուրաքանչյուրը՝ 500 հազ. դրամական պարգևով:
Մրցութային հանձնաժողովի նախագահն է Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, հանձնաժողովի անդամներն են՝ քաղաքաշինության փոխնախարար Ռուզան Ալավերդյանը, մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը, ճարտարապետներ Հրաչ Պողոսյանը, Մկրտիչ Մինասյանը, Գուրգեն Մուշեղյանը, Սաշուր Քալաշյանը, Յուրի Սաֆարյանը, Արթուր Մեսչյանը, հանձնաժողովի քարտուղարը ճարտարապես Աշոտ Հակոբյանը: Նշենք, որ քաղաքապետարանը նախկինում էլ է նման մրցույթներ հայտարարել, բայց հաղթողներ չեն եղել:





