AM
30 Մայիս 2013 - 09:58 AMT

«Մատաղիսի գործ». Դատարանը հետ է վերադարձրել Վերաքննիչի որոշման դեմ զինդատախազության բողոքը

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը վերադարձրել է «Մատաղիսի գործով»արդարացվածներ Ռազմիկ Սարգսյանի, Մուսա Սերոբյանի, Արայիկ Զալյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշման դեմ ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության դատախազների վճռաբեկ բողոքը:Այս մասին ասվում է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հաղորդագրության մեջ:

Ռազմիկ Սարգսյանը, Մուսա Սերոբյանը, Արայիկ Զալյանը մեղադրվում էին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 14-րդ կետերով՝ երկու կամ ավելի անձանց նկատմամբ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է մահ:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ բողոքաբերների փաստարկները բավարար չեն եզրահանգելու, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար։ Բողոքաբերների փաստարկները բավարար չեն նաև եզրահանգելու, որ սույն գործով վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրված առերևույթ դատական սխալ, որը կարող է առաջացնել կամ առաջացրել է ծանր հետևանքներ։

Հիշեցնենք, որ 2013 թ. մարտի 26-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը «Մատաղիսի գործով» Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2012 թ. դեկտեմբերի 18-ի արդարացման դատավճիռը թողեց օրինական ուժի մեջ: Վերաքննիչ դատարանը մերժեց արդարացման դատավճռի դեմ մեղադրող կողմի և տուժող Ռոման Եղիազարյանի իրավահաջորդի վերաքննիչ բողոքները: