AM
30 Մայիս 2013 - 10:57 AMT

Ցուցահանդեսներ, շնորհանդեսներ, պարգևատրումներ. Մարսելում «Ֆրանս-հայկական գերազանցության շաբաթ» կանցկացվի

Հունիսի 17-23-ը Ֆրանսիայի Մարսել քաղաքում ՀՀ սփյուռքի նախարարությունը «Terre d` Armenie» կազմակերպության, Մարսելի փոխքաղաքպետ Դիդիե Պարակյանի, Մարսելի Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի և Մարսելի հայ մշակույթի և երիտասարդության տան ղեկավար Կարո Հովսեփյանի հետ համատեղ Մարսելում կազմակեպելու է «Ֆրանս-հայկական գերազանցության շաբաթ»:

Ծրագրի շրջանակներում կկայանա «Անրի Վերնոյ» ցուցահանդեսի և Անրի Վերնոյի անվան հրապարակի բացման հանդիսավոր արարողությունը: Շառլ Ազնավուրին կշնորհվի Մարսելի պատվավոր քաղաքացու կոչում: Կազմակերպվելու են գրքերի շնորհանդեսներ և ֆիլմերի ցուցադրություններ: Տեղի կունենա Արցախին նվիրված քննարկում: Հայաստանի տուրիզմի օրվա շրջանակներում կներկայացվի ցուցադրություն՝ նվիրված ՀՀ մարզերին:

Միջոցառումների շրջանակում հունիսի 20-23-ը տեղի կունենա աշխարհում գրանցված բոլոր հայ առևտրաարդյունաբերական պալատների 3-րդ համաժողովը: Մասնակից երկրներն են Հայաստանը, Արցախը, Ավստրալիան, Բելգիան, Կանադան, Իրանը, Ռուսաստանը, Ֆրանսիան, Հունաստանը, Լիբանանը, Արգենտինան, Ամերիկայի Միացյալ Նահանգները, Իտալիան և Իսպանիան:

Հունիսի 22-ին քաղաքում տեղի կունենա Եվրոպայի հայ համայնքների ղեկավարների և ներկայացուցիչների հավաք-քննարկումը, որի ընթացքում Սփյուռքի նախարարությունը կներկայացնի իր ծրագրերը և նախարարության կատրարած աշխատանքները, հայ համայնքի ներկայացուցիչները կներկայացնեն իրենց կատարած աշխատանքները, Սփյուռքի նախարարության հետ համատեղ կմշակվեն ծրագրեր, կկազմակերպվեն «Հայաստան-Սփյուռք գործակցությունը՝ Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ» խորագրով քնարկումներ:

Համաժողովին մասնակցելու են Գերմանիայի, Բելգիայի, Լիտվայի, Իսպանիայի, Հունաստանի, Իտալիայի, Հոլանդիայի, Ավստրիայի, Չեխիայի, Ռումինիայի, Շվեդիայի, Հունգարիայի, Ֆրանսիայի հայկական համայնքների շուրջ 80 ներկայացուցիչ: