AM
30 Մայիս 2013 - 12:34 AMT

Բակուր Կարապետյանը բաց նամակ է հղել հունգարական Դյոնդյոշի քաղաքապետին

«Շուշի» բարեգործական հիմնադրամի նախագահ, արձակագիր, հրապարակախոս Բակուր Կարապետյանը բաց նամակ է հղել հունգարական Դյոնդյոշի քաղաքապետ Լասլո Ֆարագոյին «ավելի լավ Հունգարիայի համար» պառլամենտական ֆրակցիայի ղեկավար Գաբոր Վոննին: Նամակում մասնավորապես ասվում է.

Հարգարժան պարոնայք

2013 թ. մայիսի 9-ին ադրբեջանական մի պատվիրակության հետ Դյոնդոշի քաղաքապետարանում ստորագրել եք ԼՂՀ Շուշի և Դյոնդոշ քաղաքների միջև եղբայրության հռչակագիրը: «Շուշի» բարեգործական հիմնադրամի կամ բերդաքաղաքի իշխանության ներկայացուցիչները, ցավոք, հրավիրված չէին այդ արարողությանը:

Սակայն այդ բացթողումը կարելի է, բարի կամքի դեպքում, ուղղել: Միևնույն ժամանակ ուզում եմ Ձեզ ծանոթացնել պատմական մի շարք ճշմարտությունների հետ, որոնք հաճախ են խեղաթյուրված ներկայացնում մեր հարևանները:

Արաբական աղբյուրները (աշխարհագետ Յակուտ ալ-Համավի և պատմիչ Իբն ալ-Ասիրի) վկայում են, որ Կարկառ-Շուշին VI դարի կեսին վերակառուցել և ամրացրել է պարսից արքայից արքա Խոսրով Անուշիրվանը: Սակայն վերջին տարիներին Շուշիի սարահարթում իրականացված պեղումները հաստատում են, որ Կարկառ-Շուշին առնվազն 3 հազար տարվա պատմություն ունի: Այն, ինչպես և Արցախ-Ղարաբաղի պաշտպանական համալիրի մեջ մտնող մյուս ամրությունները Հայաստանի համար հուսալի պատվար էին հյուսիս արևելքից անընդմեջ եկող նվաճողների առաջն առնելու գործում: Այս տեսանկյունից սխալ է ադրբեջանական կողմի այն պնդումը, թե իբր Շուշի բերդաքաղաքը հիմնադրել է 1752 թվականին խորասանցի ավազակապետ Փանահ Ալին: Երևանի Հին ձեռագրերի ինստիտուտ-մատենադարանում պահվում են 1428 թ. Շուշիում ստեղծված ձեռակերտ Ավետարաններ: Բացի այդ, Շուշի բերդաքաղաքը 17-րդ դարի վերջին ընդգրկված էր թուրքական բանակի հարձակումներից Արցախ-Ղարաբաղի ինքնապաշտպանական Հայկական Սղնախներ համակարգում: Այդ մասին հարյուրավոր նյութեր են պահպանվել նաև Սանկտ-Պետերբուրգի ու Մոսկվայի պետական արխիվներում: Ի վերջո, այդ տարիներին Շուշիում է գործել Ռուսաստանի կայսր Պետրոս Առաջինի հատուկ դեսպան Իվան-Կարապետը: Պահպանվել են նրա բազմաթիվ զեկուցագրերը ռուս ինքնակալին:

Ըստ վիճակագրական տվյալների մինչև 1920 թ. մարտի 23-ը՝ թուրքական և ադրբեջանական զինյալների կողմից Շուշիի հայկական թաղամասի հրկիզումն ու հայերի զանգվածային կոտորածը, հայ բնակչությունը բերդաքաղաքում մեծամասնություն էր կազմում: Խորհրդային իշխանության հաստատումից հետո բոլշևիկյան կուսակցության որոշումով, արհամարհելով Լեռնային Ղարաբաղի բնակչության կամքը, երկրամասը թուրքական գեներալների թելադրանքով մտցնում են արհեստածին Ադրբեջանական ՍՍՀ կազմի մեջ:

1988 թ. սկսած Բաքվի իշխանությունները, բռնագաղթի ենթարկելով Շուշիի հայ բնակչությանը, բերդաքաղաքը վեր էր ածել կրակակետի, և օր ու գիշեր բարձունքից հարյուրավոր արկեր ու հրթիռներ էր թափում ավելի ցածր դիրքում գտնվող Ստեփանակերտի բնակիչների վրա: Եթե ադրբեջանցիները Շուշիի կրակակետի վերացումն ու բերդաքաղաքի ազատագրումը բարդում են Հայաստանի Հանրապետության վրա, ապա ասեմ, որ դա թյուր կարծիք է ու նպատակ ունի մոլորեցնելու միջազգային հանրությանը: Հանրահայտ է, որ Հայաստանի կառավարությունը, այդ թվում՝ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, կտրականապես դեմ էին 1992-ի մայիսի 8-ին Շուշիի վրա գրոհելուն: Լեռնային Ղարաբաղի պառլամենտը ինքնուրույն է որոշել վերացնել Շուշիի կրակակետը ու համապատասխան հանձնարարություն տվել ԼՂ ինքնապաշտպանական ուժերին: Հայտնեմ նաև, որ ադրբեջանական կողմը ինքնակամ թողել հեռացել է Շուշիից, փաստորեն առանց լուրջ դիմադրության այն ինքնակամ հանձնել Ղարաբաղի աշխարհազորայիններին: Դա է հաստատում նաև Ադրբեջանի այն ժամանակվա պաշտպանության նախարարի ձերբակալությունն ու դատը: Հնարավոր է, որ այսօրվա իշխանությունները զղջում են նախորդ իշխանությունների այդ քայլը: Իսկ հաջորդ իշխանությունները գուցե և հաշտվեն դրա հետ:

Մի հանգամանք ևս: Դյոնդյոշում հռչակագրի ստորագրման օրը ելույթ ունեցողները բազմաթիվ անգամ նշել են թուրք, ադրբեջանցի և հունգար ժողովուրդների՝ թուրանյան ընդհանուր արմատների մասին: Նախ ասեմ, որ թուրքական ժողովուրդներն ու պատմական Իրանի հյուսիս-արևելյան հատվածի՝ Թուրան կոչվող երկրամասի հետ ոչ մի առնչություն չունեն: Թուրքերի նախահայրենիքը Լեռնային Ալթայն է: Այս առումով առաջարկում եմ ճշտեք հունգար ժողովրդի պատմական արմատները: Այո, ձեր ժողովրդի կազմավորման շրջանում արևելքից եկվոր տարր կար: Բայց էթնիկ առումով դուք բնիկ ժողովուրդ էք: Ու ես չէ, որ պետք է համոզեմ ձեզ: Պետք չէ սեփական ժողովրդի պատմությունը զոհել հանուն քաղաքական ժամանակավոր շահերի: Իսկ ինչ վերաբերում է ադրբեջանցի կոչվող ժողովրդի նախնիներին, ապա հանրահայտ փաստ է, որ 13-րդ դարի կեսին մոնղոլները նրանց Միջին Ասիայի անապատներից քշել բերել են Իրանի հյուսիս-արևելքի Ատրպատական-Ազարբայջան երկրամասը: Հետագա դարերում նրանք թափանցել են հայկական Առան երկրամասը, իսկ Լեռնային Արցախ են թափանցել Շուշիի խանության ժամանակահատվածում:

Հարգելի Լասլո Ֆարագոյ և Գաբոր Վոննի, անշուշտ, ձեր կամքն է՝ ում հետ բարեկամություն հաստատեք, երկու կողմերի հակամարտությունում որ կողմը պաշտպանեք: Ադրբեջանական բանակի սպայի՝ հայ սպային կացնահարելու դեպքից հետո տեղի ունեցած հայտնի իրադարձությունները կասկածի տակ էին դրել հուգարական իշխանությունների կողմից միջազգային նորմերի նկատմամբ հարգանքն ու Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու ձգտումը: Նման քաղաքականության շարունակականության մասին է վկայում նաև Դյոնդյոշի քաղաքապետարանի պաշտոնական արարողությունը: Սակայն եթե դուք արդեն ստորագրել և հռչակել եք Շուշիի հետ հունգարական քաղաքի բարեկամության մեմորանդումը, ապա առաջարկում եմ բարեկամությունը շարունակել ոչ թե ինքնակոչ ինչ-որ մարդկանց, այլև իրական ու մեծ պատմություն ունեցող բերդաքաղաքի, նրա գործադիր իշխանության հետ: Ես պատրաստ եմ խնդրել ԼՂՀ և Շուշիի շրջանի իշխանություններին, որ թույլատրեն ձեր քաղաքի պատվիրակությանը ժամանելու Շուշի, գործնական կապեր հաստատել իրական, կենդանի ու զարգացող քաղաքի, նրա իսկական իշխանությունների հետ: Ձեր կողմից իմ այս հրավերի մերժումը մյուս կողմից կհաստատի,, որ 2013 թ. մայիսի 9-ին Դյոնդյոշի քաղաքապետարանի միջոցառումը զուտ քաղաքական ակցիա էր և նպատակ ուներ ավելի սրելու հայ-ադրբեջանական, Արցախ-ադրբեջանական և հայ-հուգարական հարաբերությունները, ասվում է «Շուշի» բարեգործական հիմնադրամի նախագահ արձակագիր, հրապարակախոս Բակուր Կարապետյանի բաց նամակում: