AM
30 Մայիս 2013 - 17:34 AMT

Ս. Սարգսյան. Աճում է թուրքերի մի սերունդ, որի առաջադեմ հատվածը կաշկանդված չէ իշխանություններից

Կառավարության ընդունելությունների տանը տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի երրորդ նիստը, որը վարել է Սերժ Սարգսյանը:

Սարգսյանը տեղեկացրել է օրերս Գերմանիայում բնակվող մի երիտասարդ թուրքի հետ իր նամակագրության մասին և ընդգծել, թե ինչու՞ է այդպես մանրամասն կանգ առնում այդ նամակագրության վրա. «Մեհմեդ Հաքան Յայլը նշում է. «Իմ մանկությունն անցել է Ստամբուլում, որտեղ բնակվում են բազմաթիվ հայ ընտանիքներ: Ես բազմաթիվ հայ ընկերներ ունեի: Սակայն հասունանալով սկսեցի ավելի շատ զգալ, որ մարդիկ, չգիտեմ ինչու, հայերի նկատմամբ անհիմն թշնամանք են տածում: Կյանքիս ամբողջ ընթացքում դրան ընդհանրապես կարևորություն չեմ տվել, միայն տանջվել եմ: Որովհետև իմ ճանաչած ամենալավ ընկերներս հայեր էին»:

Նա ասում է, որ պատրաստվում է ամառային արձակուրդին Հայաստան այցելել:

ՀՀ նախագահը պատասխանել է թուրք երիտասարդի նամակին, գրելով. «Ինձ հույս ու լավատեսություն է ներշնչում այն հանգամանքը, որ այսօր աճում է թուրք երիտասարդների սերունդ, որի առաջադեմ հատվածը կաշկանդված չէ թուրքական իշխանությունների կողմից տասնամյակներ շարունակվող քաղաքականությամբ: Հենց այդ սերունդն է, որ հարցականի տակ է դնում այդ քաղաքականության արժանահավատությունը, և ամենագլխավորը պատրաստ է առերեսվել սեփական պատմության հետ, ընդունել նախնիների սխալները և բաց ու կառուցողական քննարկումների միջոցով հասնել հաշտեցման»:

Սարգսյանը համարել ու շարունակում է համարել, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կարևոր ու հնարավոր է հենց այսօր, միգուցե հենց 100-ամյակի շրջանակներում:

«Այս առումով մենք իհարկե մեծ գործ ունենք անելու: Կարծում եմ, որ որևէ մեկը ինձ միամիտի տեղ չի դնում: Կարծում եմ, որ որևէ մեկը չի կարծում, որ ես մեծ հույս ու հավատ ունեմ՝ առավել ևս թուրք իշխանությունների նկատմամբ: Բայց այս ուղղությամբ աշխատանքները ես մշտապես կարևորել եմ, կարևորում եմ և կարևորելու եմ»,-ընդգծել է նա: