AM
31 Մայիս 2013 - 14:34 AMT

«Հարսնաքարի գործ». Լրացուցիչ վկաներ են դատակոչվելու

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանում, դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, այսօր կայացել է «Հարսնաքարի գործով» հերթական դատական նիստը: Տուժող Վահե Ավետյանի իրավահաջորդը և մյուս տուժողների ներկայացուցիչները միջնորդություն են ներկայացրել լրացուցիչ վկաներ հարցաքննելու մասին:

Դատախազ Արթուր Դավթյանը լրացուցիչ վկաներին բաժանել է 2 խմբի՝ արդեն հարցաքննվածներ և չհարցաքննվածներ: Մեղադրական եզրակացության մեջ, ըստ դատախազի, արդեն կան այն վկաների ցուցմունքները, որոնք նշանակություն են ունեցել մեղադրանքի գնահատման համար: Դավթյանի խոսքով, մինչ դատարանում հարցաքննվելը կարծիք կար, որ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի սեփականատեր Ռուբեն Հայրապետյանի դատարանում հարցաքննությունը «շրջադարձային ու հեղափոխություն է լինելու», բայց պարզվեց, որ ավելի բովանդակային էին նրա նախաքննական ցուցմունքները:

Այնուամենայնիվ, մեղադրողը չի առարկել 3 վկայի՝ ՀՖՖ 3 աշխատակիցներին, դատարանում հարցաքննելու միջնորդության դեմ, քանի որ նրանց և ամբաստանյալների հեռախոսների միջև հեռախոսազանգեր են արձանագրվել: Դատարանը բավարարել է այս և մի քանի մատուցողների հարցաքննելու միջնորդությունները: