AM
1 Հունիս 2013 - 06:45 AMT

Շահան Քանդահարյան. Բնօրրանային խնդիրներն իբրև հակաքայլ հատուցման պահանջներին

Թուրքական էլեկտրոնային լրատվամիջոցներում «Հայկական պնդումներ և իրողություններ. Արևելյան Անատոլիան հայերի հայրենի՞քն է» խորագրով հոդված է հրապարակել, որը դիտարժան մի քանի կարևոր կետ է հավաքել: Այս մասին իր հոդվածում գրում է «Ազդակ» թերթի խմբագիր Շահան Քանդահարյանը: Հոդվածում մասնավորախես ասվում է.

Նախ կայքը պաշտոնական-պետական բնույթ ունի, հետևաբար պետական քաղաքականության համահունչ հրապարակում է։ Հոդվածի հրապարակման շարժառիթը, այնտեղ հայտնված մտքերը, շեշտադրումներն ու եզրակացությունը ըստ այնմ պետք է դիտարկել, փորձել հասկանալու համար, թե Անկարան հայկական հարցի այս թղթածրարի ուղղությամբ ի՞նչ նախապատրաստության մեջ է։

Հայ ժողովրդի բնօրրանի հետ կապված տեսությունները նոր չէ, որ արծարծվում են թուրքական պաշտոնական շրջանակների կողմից։ Այստեղ հստակ է տրամաբանությունը. պարզեցված ձևով շեշտել, որ Արևմտահայաստանը հայ ժողովրդի պատմական հայրենիքը չի եղել։ Մնացյալը վարկածային ոլորապտույտների մեջ առաջնորդելն է ընթերցողին։

Ժխտողականության յուրահատուկ մարտավարական քայլ են առնում Անկարայի համապատասխան բաժանմունքի վարիչները ապակողմնորոշելու համար հանրային կարծիքը։

Սա իհարկե նման չէ ցեղասպանությունը ժխտելու դասական մոտեցմանը։ Նման վարկածների առաջ քաշումը միտում ունի ձևավորել այն համոզումը, որ ի սկզբանե Արևմտահայաստանը հայերի հայրենիքը չի եղել։

Թե ինչո՜ւ հիմա նման ծագումնաբանական խնդիր պետական մակարդակով է արծարծվում, արժի մտածել։ Առաջին մտածումը գնում է հակաքայլ առնելու մարտավարական դիրքորոշման ուղղությամբ։ Ցեղասպանության հարյուրամյակին ընդառաջ, երբ հետզհետե զարգանում են ճանաչումից հատուցում կամ պատմական իրավունքների վերականգնման հրամայականները, Անկարայի մղձավանջը ինքն իրեն վերադարձնում է բարձրաձայնելու համար, որ ի սկզբանե հայկական հողամասերը չի կարելի համարել այն տարածքները, որոնց հատուցման պատրաստության համար իրավական թղթածրարի առաջադրանք է հայտարարում հայ ժողովուրդը՝ միաժամանակ թե՜ Հայաստանի Հանրապետությունում և թե՜ Սփյուռքում։

Այս մեկը ուրեմն թուրքական անհանգստության տեղի տվող լուրջ ահազանգ է, որի համար պետք է պատրաստվել և պատրաստել հանրային կարծիքը։ Անկարան, թվում է, որ իր գիտահետազոտական բաժանմունքներին ազդանշան է տվել այս հարցով զբաղվելու և ողողելու լրատվադաշտն ու գիտական աշխարհը։

Փորձենք շարունակել Անկարայի պետական քաղաքականության տրամաբանությունը։ Նման վարկածների ընդունմամբ ցեղասպանության թղթածրարը սահմանափակել սոսկ ճանաչումով։ Ահա այստեղ ընդունում-ճանաչում-ներողությունը կարող է աշխատել, եթե միջազգային ընտանիքը համոզվի տարածքների ոչ հայապատկանելիությանը։ Գործադրված ցեղասպանության համար ներողությունից անդին նույնիսկ նյութական հատուցում և….վերջ։

Մղձավանջը բնօրրանային խնդրի վրա է և այդ իսկ պատճառով ծագումնաբանական, բնիկ թե եկվոր լինելու վրա է կենտրոնացնելու ամբողջ քարոզչաքաղաքական տեսաբանությունը։ Ճիշտ այստեղ է ուրեմն, որ հայկական կողմը պատմահետազոտական իր որոնումներում զգույշ պիտի լինի բնիկ-եկվորի ներհայկական բանավեճեր չսարքելու առումով։ Որովհետև, Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության պաշտոնական կայքի այս հոդվածը իր ներածականում խոսում է հայերի պատմական հայրենիքի վերաբերյալ հայ պատմաբանների իրար հակասող տեսակետների մասին։ Հետաքրքիր է, որ բնօրրանային այս խնդիրը չի վերաբերում միայն Արևմտահայաստանին, ինչպես հոդվածի խորագիրը հուշում էր։ Ավարտին, խոսվում է հայ ժողովրդի հարավային կոկվասյան ցեղ լինելու հավանականության մասին, եզրակացնելու համար, որ հայերը կովկասյան ցեղերի հետ որևէ աղերս չունեն։

Այս վերջին տեսակետը ծառայել է Բաքվի հաշիվներին։ «Հաքին ազ» կայքն արքայազն Չարլզի Հայաստան այցելությունը մեկնաբանելով գրել է. "… Միևնույն ժամանակ հուսանք, որ արքայազն Չարլզը ուշադրություն կդարձնի Հայաստանի միատարր բնակչային վիճակի վրա, որ բնականաբար հարցեր կառաջացնի բնիկ ժողովրդի մասին, որին բռնի ուժով քշել են այդտեղից…" «Բնիկը» այստեղ ադրբեջանցիների նախնիններն են։ Հարցը պատմական անհեթեթության մասին չէ, որքան թուրք-ադրբեջանական քարոզչաքաղաքական միացյալ մեքենայի նոր արտադրության շուկայացման։

Հայկական կողմը զգոնությամբ պիտի չներքաշվի թելադրված խաղի այս նոր կանոնների մեջ։ Հայկական գիտահետազոտությունը պահանջատիրության և հատուցման իրավականացման վրա պիտի կենտրոնացնի իր ներուժը։ Ճանաչմանը հաջորդող հանգրվանը հատուցումն է և ոչ թէ բնօրրանային խնդիրները, ինչպես որ ուզում են օրակարգի վերածել Անկարան և Բաքուն։