AM
1 Հունիս 2013 - 07:15 AMT

Մանկության ձեր մոլորակում անկեղծ ժպիտն ու սերը հարատև են. Նախարարի մաղթանքը երեխաներին

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը շնորհավորական ուղերձ է հղել երեխաների միջազգային օրվա առթիվ:

«Իմ փոքրիկ բարեկամներ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ` երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով:

Ձեր անկեղծությամբ, անմիջականությամբ, շրջապատող աշխարհը ճանաչելու ձգտումով դուք հրճվանքի և գոհունակության պահեր եք պարգևում ձեր ծնողներին, տատիկներին ու պապիկներին, մեզ բոլորիս:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը, երեխաների խնդիրներով զբաղվող բոլոր մարմիններն անում են հնարավորը` երեխաների իրավունքները պաշտպանելու, առողջ, կրթված և ազատ սերունդ ունենալու համար, քանզի դուք եք մեր հաջողությունների և ձեռքբերումների անմիջական շարունակողը, մեր երկրի ապագան:

Այսօր բազմաթիվ ծրագրեր են իրականացվում` լուծելու ինչպես ընտանիքներում ապրող, այնպես էլ պետական հաստատություններում խնամվող երեխաների խնդիրները, ստեղծվում են պայմաններ, որոնք հնարավորություն կտան ձեզ` ձևավորվել որպես հասարակության լիիրավ անդամներ, կնպաստեն ձեր ինքնադրսևորմանն ու կայացմանը:

Փորձենք մեզ տրված հնարավորություններն օգտագործել այնպես, որ ձեր յուրաքանչյուր օրը լինի իմաստավորված, բազմազան ու գունագեղ: Թող հոգատարությունը, գորովանքն ու քնքշանքը լինեն ձեր անբաժան ուղեկիցը ողջ կանքի ընթացքում:

Սիրելիներս, մեկ անգամ ևս շնորհավորում եմ այս ջերմ և ուրախ տոնի կապակցությամբ և մաղթում, որ մանկության ձեր մոլորակում անկեղծ ժպիտն ու սերը հարատևեն»,- ասված է նախարարի ուղերձում: