Արմավիրի մարզի դատախազ Սամվել Սինանյանը խոստացել է օգնել Էջմիածնի բնակչուհուն, ով սպառնում էր ինքնահրկիզվել:
Ռուզան Թոսունյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ պատմել է դատախազին այն մասին, որ իրեն սպառնացել են տունը վերցնել և ասել են, որ ծանոթ դատավորներ ունեն և ինքը ոչինչ անել չի կարողանա: «Դատախազը խոստացավ անձամբ հետևել գործին ու պարզել ամեն բան: Նա ասաց, որ հանցագործություն է տեղի ունեցել և մեղավորներն անպայման կպատժվեն»,-ասաց Ռուզան Թոսունյանը:
Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի Խաթունարխ գյուղի բնակիչ Գոհարը տարիներ շարունակ, ստացականի դիմաց տոկոսով փող է տվել Էջմիածին քաղաքի և հարակից գյուղերի բազմաթիվ ընտանիքների, բայց պահել է ստացականներն ու հետագայում շանտաժի է ենթարկել նրանց` նոր գումարներ պահանջելով: Գործը հասել է դատարան և պարզվել է, որ Գոհարը խարդախությամբ է ստացել գումարները, սակայն քննիչը այն կարճելու որոշում է կայացրել:
Գոհարի արարքից տուժած քաղաքացիները հանդիպում էին պահանջել Արմավիրի մարզի դատախազ Սամվել Սինանյանի հետ`հասկանալու կարճման որոշման հիմնավորումները:





