AM
3 Հունիս 2013 - 06:06 AMT

«Գարեգին Նժդեհ» հայրենակցական նախաձեռնությունը պահանջում է պաշտոնանկ անել Սյունիքի մարզպետին

«Գարեգին Նժդեհ» հայրենակցական նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ և խստորեն դատապարտել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան առջև մահվան ելքով տեղի ունեցած միջադեպը:

« Մարզպետից ամեն ինչ սպասելի էր, բայց ցինիզմի և ամենաթողության այսպիսի դրսևորման բանը դեռ չէր հասել: «Գարեգին Նժդեհ» հայրենակցական նախաձեռնությունը պահանջում է Սերժ Սարգսյանից առանց մեկ վայրկյան վարանելու պաշտոնանկ անել մարզպետին, ում հետ կապված երեկվա դեպքն ապացուցեց, որ նա, իրեն անպատիժ զգալով, սպառնալիք է ոչ միայն պետության անվտանգությանը, այլև մեծ վտանգ է ներկայացնում ՀՀ քաղաքացիների կյանքին: Իսկ վերջում ինչպես միշտ պարզվում է, որ «մեղավորը» թիկնապահ Զարզանդն է»,-ասված է նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ նախօրեին Սյունքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ մոտ հնչել են կրակոցներ, ինչի արդյունքում 1970 թ. ծնված Ավետիք Բուդաղյանը ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել է, իսկ 1971 թ. ծնված Արտակ Բուդաղյանը և 1975 թ. ծնված Նիկոլայ Աբրահամյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Բուդաղյաններից մեկը Գորիսի գնդի նախկին հրամանատարն է, ով այժմ ծառայում է ԼՂՀ ՊԲ-ում, իսկ մյուսը` Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածուն էր: