AM
3 Հունիս 2013 - 08:47 AMT

ԿԳ նախարար. Խրոնիկ չկայացող անհատներից բաղկացած հասարակության տպավորություն ենք թողնում

ԱԺ «Օրինաց Երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը կարծում է, որ անհրաժեշտ է դպրոցներում ռազմահայրենասիրական դաստիարակությանն ավելի մեծ ուշադրություն հատկացնել: «Երբ ռազմական ինստիտուտում զենք է բարձրացվում զինվորի վրա, սա ուղղակի դաստիակարության խնդիր է, որը վերաբերում է կրթական համալիրներին»,- ԱԺ-ում 2012-ի պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց Հեղինե Բիշարյանը:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նկատեց, որ դա ամենացավալի խնդիրն է: Անդրադառնալով դպրոցներում դասավանդվող ռազմագիտության առարկային, նա նշեց, որ Պաշտպանության նախարարությունը, ոստիկանությունը, ԱԱԾ-ն համագործակցում են նախարարության հետ: «Իրականացված աշխատանքների ծավալը հսկայան է, ՀՀ դպրոցների ճնշող մեծամասնությունը ունի զենք: Գումարները չեն հերիքում և ոչ մի կրթական ծրագրի համար»,- ասաց նախարարը:

ՀՀԿ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը ևս անդրադարձավ բանակում տեղի ունեցող միջադեպերին: Նա նկատեց, որ դրանք ևս դաստիարակության հարց են, որը միայն դպրոցի խնդիրը չէ, դրա պատասխանատուն նաև տարբեր գերատեսչություններն են:

«Ես չեմ կարծում, որ դաստիարակության խնդիրը օրենքով կարելի է լուծել: Խրոնիկ չկայացող անհատներից բաղկացած հասարակության տպավորություն ենք թողնում: Այս ամենը ձևավորվում է կենցաղային իրավիճակներում»,- ասաց Արմեն Աշոտյանը:

Նա նշեց, որ դպրոցների կառավարման վերաբաշխում պետք է տեղի ունենա, գործընթացը պետք է սկսվի հատկապես մարզային դպրոցներից: «Մի շարք մարզերում մենք ունենք ընդհանրական պետական քաղաքականության ներդրման խնդիր: Սարսափելկի անհավասար կրթական տարածք ունենք, սա քաղաքկան լուծում է պահանջում: Լուծման համար որոշակի առաջարկներ նախարարությունն ունի և կներկայացնի»,- ասաց նախարարը:

Նա նկատեց, որ կրթական քաղաքականության իրականացման համար պետք է պատասխանատու լինի ԿԳՆ-ն, բայց այսօր դպրոցների 90 տոկոսը իրենց ղեկավարության տակ չէ: