Ազգային ժողովում 2012-ի պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը խնդրեց դրամահավաքի թեմայով «պրեսսինգ» չանել նախարարության վրա :
Նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նախարարը հայտարարեց, որ դպրոցներում կաշառակերությունը մի քանի գլխանի դև է, որի մի շարք գլուխներ հաջողվել է կտրել: «Կոռուպցիայի մի մասը գալիս է ծնողներից, որոնք շահագրգիռ են, որպեսզի իրենց երեխաները կրթություն չստանան, զավեշտալի դեպք է, երբ ծնողը պատրաստ է վճարել, որպեսզի իր երեխան չսովորի: Կոռուպցիոն ռիսկերի մի մասը գալիս է որոշ ուսուցիչներից, տնօրեններից և, ինչո՞ւ չէ, նաև վերադասներից»,- ասաց նախարարը:
Նա նկատեց, որ այժմ դժգոհություններն այլ հարթությունից են լինում. երբ երեխաները չեն կարողանում մշակութային օջախներ այցելել, որովհետև նախարարությունը տոտալ արգելել է դրամահավաքը: «Իհարկե լինում են դեպքեր, բայց ահազանգերի քանակը, հատկապես Երևանում, կտրուկ նվազել է: Դա էլ հարցի լուծում չէ, ընդդիմադիր պատգամավորներ էլ են բարձրաձայնում, որ երեխաներին զրկում ենք պատմամշակութային վայրեր այցելելու և դրանց ծանոթանալու հնարավորությունից: Պետությունը որոշ դեպքերում գուցե իր վրա վերցնի ֆինանսավորման հարցը: Մյուս կողմից, հիշենք, որ խորհրդային դպրոցում էլ կար դրամահավաք, երբ ծնողներն աջակցում էին կրթական պրոցեսին: Ուրիշ բան է, երբ ծնողներին պարտադրում են դրամ հավաքել, ուրիշ բան՝ որ կա սոցիալական անհավարության խնդիր»,- ասաց Արմեն Աշոտյանը:
ԿԳ նախարարը նշեց, որ անհրաժեշտ է ունենալ ավելի ճկուն և սրտացավ հասարակություն, որպեսզի խնդրին ավելի թիրախային մոտեցում լինի:





