«Ճանաչիր հայրենիքը և պատմիր այդ մասին». այս խորագրով հունիսի 8-ից 18-ը Հայաստանում անցկացվելու է գիտատուրիստական 2-րդ արշավը, որին մասնակցելու է 130 մարդ` Հայաստանից և Ռուսաստանից: Արշավախումբը նախ գնացքով անցնելու է Երևան-Գյումրի- Վանաձոր- Ալավերդի երթուղին, ապա զբոսաշրջային հիմնական երթուղիները: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանը:
«Արշավախմբի հիմնական նպատակն է ճանաչել Հայաստանը: Մենք մշակութային հարուստ ժառանգություն ունենք և աշխարհին կարող ենք ներկայացնել եզակի նմուշներ, հուշարձաններ, պատմություն»,- ասաց նա ու ավելացրեց, որ արշավախմբի խնդիրներից է նաև երիտասարդական զբոսաշրջության զարգացումը, որն էլ ԱՊՀ երիտասարդների միջև կամրապնդի բարեկամությունը:
ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն ընդգծեց հենց երիտասարդների կողմից հայրենիքը ճանաչելու կարևորությունը, իսկ ՀՀ–ում ՌԴ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը նշեց, որ միջոցառումը կնպաստի Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների ամրապնդմանը: Ի դեպ դեսպանը ևս իր պաշտոնավարման ընթացքում պատրաստվում է արշավական դառնալ. «Ես անպայման լինելու եմ Հայաստանի բոլոր անկյուններում, քանի որ լինելով մի երկրում ու չծանոթանալով մշակույթին, պատմությունը, չտեսնել այն գեղեցկությունները, որ կան այդ երկրում, ճիշտ չէ»: Գիտատուրիստական առաջին արշավն անցկացվել է 2012-ի սեպտեմբերի 30–ից հոկտեմբերի 1–ն ընկած ժամանակահատվածում։ Արշավականներն անցել են Հայաստանի ամբողջ տարածքով` հյուսիսից հարավ։





