AM
4 Հունիս 2013 - 07:31 AMT

Սյունիքի մարզպետի որդին ու թիկնապահը տեղափոխել են կալանավայր

Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդուն և թիկնապահին տեղափոխել են կալանավայր: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնեց ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը:

Նշենք, որ Տիգրան Խաչատրյանին և Զարզանդ Նիկողոսյանին մեղադրանք է առաջադրվել շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության, կյանքի համար վտանգավոր ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու, զենք-ռազմամթերք ձեռք բերելու և պահելու համար:

Դատարանն արդեն բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը և որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը:

Հիշեցնենք, որ հունիսի 1-ին, երեկոյան, Գորիսի Դավիթ-Բեկի փողոցի թիվ 1 հասցեում գտնվող առանձնատան մոտ հնչել են կրակոցներ, ինչի արդյունքում 1970 թ. ծնված Ավետիք Բուդաղյանը ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել է, իսկ 1971 թ. ծնված Արտակ Բուդաղյանը և 1975 թ. ծնված Նիկոլայ Աբրահամյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: