AM
4 Հունիս 2013 - 08:05 AMT

Սիգը վերացման եզրին է. Նախարարը առաջարկում է օրենքն ու քրեական պատասխանատվությունը խստացնել

ԱԺ Գյուղատնտեսական և բնապահպանական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահագն Մախսուդյանը մտահոգություն հայտնեց սիգ տեսակի ձկան գողության և դրա վերացման վտանգի վերաբերյալ: Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը նշեց, որ նախարարությանը ևս խիստ մտահոգում է հարցը: «Մենք ցանկություն ունենք ավելի խիստ արգելանք սահմանել, արդեն յոթ տարի է, ինչ սիգի որսի թույլտվություն չկա, սակայն հարցը ամբողջությամբ չի լուծվում»,-ասաց նախարարը: Նա ընդգծեց, որ Սևանա լճում այլ ձկնատեսակներ և մուտացիաներ չկան, իսկ այն պնդումները, որ այս տարիներին նախարարությունը աշխատանք չի կատարել, ըստ Արամ Հարությունյանի, ճիշտ չեն. «Ճիշտ հակառակը, մենք աշխատել ենք շուկաներում, համագործակցել ենք ոստիկանության հետ»:

Նա նկատեց, որ կան բացթողումներ ևս, իսկ խնդրի լուծումը հնարավոր է գնտել միասին. «Կան ձկնագողության դեպքեր: Հիմա երկրորդ միջոցառումն ենք արել, նոր օրենք ենք դնում ԱԺ, որը կվերաբերի տեսչական ծառայողին: Միգուցե օրենքները խստացնե՞լ, քրեական պատասխանատվությունը խստացնել, որ կարողանքն հասնել արդյունքի»: Նա ասաց, որ իշխանի մասով մտահոգությունն ավելի մեծ է, քանի որ սիգը էնդեմիկ տեսակ չէ, կարմիր գրքում ներառված չէ: Միևնույն ժամանակ Արման Հարությունյանը նշեց, որ դա չի նշանակում, որ խնդրին իրենք լուրջ չեն վերաբերում:

Սևանա լճում սիգի ամենամեծ պաշարներն արձանագրվել են 1988-1990 թվականներին՝ կազմելով 28-30 հազար տոննա, իսկ 2012-ին սիգի պաշարները Սևանա լճում եղել են 6-6.5 տոննա: Այսինք վերջին 20 տարիներին սիգի պաշարները նվազել են 20-ից ավելի տոննայով: