Հունիսի 2-ին՝ Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնին, Վառնայի Սուրբ Սարգիս եկեղեցում Սուրբ ու Անմահ Պատարագ մատուցեց համայնքի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանը, ասվում է «Կանթեղ Արարատյանի» հաղորդագրության մեջ:
Արժանապատիվ Տեր Հայրն իր հոգեշունչ քարոզում խոսեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հիմնադրման, նրա դերի ու նշանակության մասին և մասնավորապես նշեց. «Ինչպես որ Ս. Գրիգոր Լուսաորչի տեսիլքով Աստծո Միածին Որդին իջավ երկնքից ու հիմնադրեց Սուրբ Էջմիածինը՝ ողջ հայության հոգևոր կենտրոնը, այնպես էլ այսօր թող այս տոնի խորհուրդը իրականանա ամեն մեկիս սրտերում և մենք էլ մեր աղոթքներով կարողանանք Աստծո Միածին Որդուն իջեցնել երկնքից, որ բնակվի մեր սրտերում ու այնտեղ հիմնի մեր մարմնի հոգևոր կենտրոնը՝ այսպես ասած մի փոքրիկ Էջմիածին, որով էլ կարողանանք մեր կապը պաշտպանել ու մեր հնազանդությունը և հավատարմությունը հայտնել Մայր Աթոռ Ս. Էջմիածնին»:
Պատարագին ներկա էին նաև այս տարվա հայ շրջանավարտները, որոնց հատուկ հրավիրել էր Տեր Հայրը: Պատարագի ավարտից հետո Վառնայի հայ համայնքում առաջին անգամ տեղի ունեցավ «Շրջանավարտների օրհնության կարգ», Տեր հայրը օրհնեց բոլոր շրջանավարտներին և հույս հայտնեց, որ այս գեղեցիկ արարողությունը այլևս ավանդություն կդառա Վառնայում:





