AM
4 Հունիս 2013 - 08:52 AMT

Րաֆֆի Հովհաննիսյանը` Վաշինգտոնում. ԱՄՆ-ն կճանաչի հայ ժողովրդի ձայնը

Պաշտոնական այցով ԱՄՆ-ի մայրաքաղաքում գտնվող Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր հանդիպեց ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Էրիկ Ռուբինի հետ: Պետքարտուղարությունում կայացած մասնավոր հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Հայաստանի առջև ծառացած ոչ միայն ներքին ժողովրդավարական, այլև միջազգային մարտահրավերներին առնչվող հարցեր, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շուրջ հակամարտության արդարացի կարգավորումը և 1915թ. Հայոց Ցեղասպանության և Մեծ Հայրենազրկման իրական ճանաչումը, ասվում է «Ժառանգություն» կուսակցության հաղորդագրության մեջ:

Նույն օրը Րաֆֆի Հովհաննիսյանը, որպես հիմնական բանախոս, ելույթ ունեցավ Ջորջ Վաշինգտոն համալսարանի իրավաբանական դպրոցում հավաքված լսարանի առջև՝ բաղկացած դիվանագետներից, քաղաքական գործիչներից և մտավորականներից: «Զրույց Հայաստանի մասին» վերտառությունը կրող այս միջոցառումը կազմակերպվել էր Եվրոպական, ռուսական և եվրասիական հետազոտությունների կենտրոնի (Institute for European, Russian, and Eurasian Studies), «Փոլիսի Ֆորում Արմենիա» (Policy Forum Armenia) կազմակերպության և Հայ իրավաբանական միության (Armenian Bar Association) համատեղ ջանքերով: