AM
24 Հունվար 2006 - 12:07 AMT

ՀՀ ՊՆ ղեկավար. Ռազմական բյուջեի մեխանիկական ավելացումը ինքնին ոչինչ չի լուծում

«Դժվար է միանշանակ գնահատել այն կանխատեսումների հավաստիությունը, թե 2006 թվականին կգտնվի Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը: Հուսով եմ, որ բանակցային գործընթացում կնախանշվի որոշակի առաջխաղացում, եւ հուսով եմ, որ 2006 թվականին եւս ռազմական գործողությունները հակամարտության գոտում չեն վերսկսվի: Առավել հստակ պատասխան հնարավոր կլինի տալ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպումից հետո»: Այդ մասին «Գոլոս Արմենիի» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: «Մենք պարտավոր ենք լրջորեն վերաբերվել բանակցային գործընթացին, քանի որ իրոք շահագրգռված ենք խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու հարցում: Դա բոլորովին չի նշանակում, թե մենք մեր բոլոր հույսերը կապում ենք միայն խաղաղ կարգավորման հետ եւ զբաղված չենք հուսալի պատնեշների ստեղծմամբ ադրբեջանական ռազմական մեքենայի ճանապարհին: Միամիտ կլիներ կարծել, թե եթե նույնիսկ Ադրբեջանը իրականում նպատակ ունի ավարտին հասցնել բանակցությունները եւ լուծել խնդիրը խաղաղ ճանապարհով, նա չի օգտագործի բոլոր հնարավորությունները բանակն ուժեղացնելու եւ սպառազինությունները ավելացնելու համար: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ այսօրվա դրությամբ Ադրբեջանը շատ ավելի մեծ ֆինանսական հնարավորություններ ունի, եւ այդ հնարավորությունները կօգտագործվեն, եթե ոչ ռազմական գործողությունները վերսկսելու համար, ապա բանակցային գործընթացի վրա ճնշում գործադրելու եւ հայկական կողմին ահաբեկելու համար: Ես բազմիցս անգամ հայտարարել եմ այդ կապակցությամբ, որ եթե նույնիսկ Ադրբեջանը եւս հինգ անգամ ավելացնի իր ռազմական բյուջեն, դա չի կարող ճնշման միջոց դառնալ եւ ստիպել մեզ Ղարաբաղի վերաբերյալ կայացնել մի որոշում, որ կհակասեր մեր ժողովրդի շահերին»,-հայտարարել է Սերժ Սարգսյանը:

ՀՀ ՊՆ ղեկավարը հավելեց, որ 2005 թվականին Հայաստանին հաջողվեց մեծապես ավելացնել իր սպառազինությունների քանակը, մասնավորապես, զինամթերքի պաշարի առումով: «Այս դեպքում, իհարկե, տեղին չի լինի խոսել թվերի օգնությամբ, ուստի կասեմ միայն, որ 2005 թվականին մենք ձեռք ենք բերել այնքան զինամթերք, որ դրա քանակությունը կարելի է համեմատել վերջին 10 տարվա ընթացքում ձեռք բերածի հետ»,-նշել է Ս.Սարգսյանը: Միեւնույն ժամանակ, նա կասկածելի է համարել Ադրբեջանի ռազմական բյուջեի համեմատումը Հայաստանի ընդհանուր բյուջեի հետ: «Նման բան ուղղակի չի կարող լինել»,-ընդգծեց նա: «Միջոցների առկայությունը դեռեւս երբեք եւ ոչ մի տեղ չի եղել դրանց արդյունավետ օգտագործման, առավել եւս բանակի մարտունակության երաշխիք: Հակառակ դեպքում հենց մեծ բյուջե ունեցող երկրները կունենային ամենամարտունակ բանակները, իսկ դա այդպես չէ: Այո, մեր բյուջեն դեռեւս հնարավորություն չի տալիս մեզ լիովին բավարարել մեր բոլոր պահանջները, սակայն այն լիովին բավարար է, խնայողաբար եւ խելացի ծախսելու դեպքում, բանակի մարտունակությունը պահպանելու համար, եւ եթե պահանջվի կռվի դաշտում ապացուցելու համար, որ ռազմական բյուջեի մեխանիկական ավելացումը ինքնին ոչինչ չի լուծում»,-հայտարարել է Ս.Սարգսյանը:

Ինչ վերաբերում է կշտամբանքներին` ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում փոխզիջումների գնալու հայկական կողմի պատրաստակամության մասին, ապա ՀՀ պաշտպանության նախարարն ասել է, որ հանգիստ է վերաբերում նման արձագանքներին եւ գնահատում է դա որպես փոքր չարաճճիություն: «Նրանք, ում շուրթերից այսօր նման կշտամբանքներ են լսվում, բազմաթիվ առիթներ են ունեցել համոզվելու համար, որ ես երբեք այնպիսի քայլեր չեմ կատարել, որոնք հակասում են Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շահերին: Ես համոզված եմ, որ ժողովրդի մեծ մասը գիտի, որ հող հանձնելու գաղափարը ինձ համար այնքան էլ ընդունելի չէ, սակայն, մարդիկ պետք է հասկանան, որ խաղաղությունը թանկ արժե, իսկ պատերազմը չի կարող լինել դրական զարգացման գործոն: Ուստի եւ անհրաժեշտ է գնալ բանակցությունների: Իսկ հայկական փոխզիջումն ավարտվում է այնտեղ, որտեղ ուժի մեջ է մտնում այն աքսիոման, որ Լեռնային Ղարաբաղը չի կարող գտնվել Ադրբեջանի իրավասության տակ»,-հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: