AM
4 Հունիս 2013 - 09:55 AMT

Քրեագետ. Քրեական հեղինակությունները Գորիսի դեպքին չեն խառնվի

Քրեագետ Սերգեյ Գալոյանը կարծում է, որ Սյունիքում տեղի ունեցած միջադեպը հետևանքն է այն ամենի, ինչ տեղի է ունենանում Հայաստանում տարիներ շարունակ:

«1992 թվականից մինչ օրս 100-ից ավելի սպանություն է եղել: Ասեք ինձ դրանից մեկը, որը մինչև վերջ բացահայտվել է ու մեղավորն էլ՝ պատժվել: Մատների վրա կարելի է հաշվել: Հեռու մի գնացեք: Ապրիլի 23-ին հայ ժողովրդի պատկառելի դեմքին՝ Վարդանիկին տարան ոստիկանություն, ու ին՞չ: Նրան մի ժամ հետո բաց թողեցին: Ու այսպես տարիներ շարունակ:

Ոստիկանապետը Գյումրիում ասաց, որ նման դեպքերին վերջ կտրվի և այլն և այլն ու խնդրեմ՝ օրեր անց նույն բանը: Նույն բանը նախկին ոստիկանապետն էր ասում, երբ սպանվեց փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանը: Ասում էր՝ սպանության բացահայտումը պատվի հարց է: Ու՞ր է , ինչու՞ չեն բացահայտում բոլորի աչքի առաջ կատարված սպանությունը: Կինը տեսել է, մանրամասն պատմել է»,-ասաց քրեագետը:

Սերգեյ Գալոյանը նշեց նաև որ ոչ միայն նման սպանությունները, այլ նաև շատ ուրիշ հանցագորոծություններ չեն բացահայտվում. «1960 թվականից մինչ օրս Հայաստանից արվեստի նմուշներ է, որ անհետանում են: Մի օր բան չի մնա էս երկրում, իսկ մենք ոչ մոլիբդենով, ոչ էլ կարտոֆիլով աշխարհին չենք կարող զարմացնել»:

Ըստ Գալոյանի՝ իր ճանաչած քրեական աշխարհի հեղինակություններից որևէ մեկը չի խառնվի Գորիսի գործին, քանի որ նրանք այդպես կկեղտոտվեն.«Սա գողական հաշիվ էլ էլ չի, սա շատ ցածր մակարդակի, տղայական պահվածք է»:

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզպետի առանձնատան մոտ հունիսի 1-ին հնչել են կրակոցներ, ինչի արդյունքում 1970 թ. ծնված Ավետիք Բուդաղյանը ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել է, իսկ 1971 թ. ծնված Արտակ Բուդաղյանը և 1975 թ. ծնված Նիկոլայ Աբրահամյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: