Հայաստանի Հանրապետության հարևան երկրներում կարմրուկի առումով համաճարակային իրավիճակն անհանգիստ է: Վրաստանում այս օրերին կարմրուկի համաճարակ է: Համաձայն Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տեղեկատվության 2013 թվականի ընթացքում գրանցվել է կարմրուկի 4533 դեպք, որից 1357-ը հոսպիտալացվել են: Հիվանդացման դեպքերից 2726-ը արձանագրվել է Թբիլիսիում, որից 830-ը հոսպիտալացվել են: Գրանցված դեպքերի 432-ի մոտ լաբորատոր հաստատվել է կարմրուկ ախտորոշումը: Նշված ժամանակահատվածում մահվան ելքով գրանցվել է 2 դեպք` 11 ամսական և 19 տարեկան չպատվաստված անձանց մոտ:
ՀՀ ԱՆ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկացնում են, որ Հայաստանի Հանրապետությունում կարմրուկի համաճարակային իրավիճակը հանգիստ է՝ 2007 թվականից հիվանդացման դեպքեր չեն գրանցվել: Այս տարվա մայիսի 24-ին հանրապետությունում գրանցվել է կարմրուկի բերովի դեպք՝ 5 տարեկան երեխայի մոտ, ով Վրաստանի բնակիչ է և ընտանիքի մյուս անդամների հետ հյուրընկալվում է Հայաստանում: Դեպքի կապակցության իրականացվում են համալիր հակահամաճարակային միջոցառումներ՝ հանրապետությունում կարմրուկի տարածումը կանխելու նպատակով:
Հաշվի առնելով ամառային օրերին ՀՀ քաղաքացիների ակտիվ տեղաշարժը դեպի Վրաստան, ՀՀ առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս զբոսաշրջիկներին և ակտիվ հանգստի մեկնողներին՝ ուղևորությունից առնվազն 4 շաբաթ առաջ պատվաստվել կարմրուկի դեմ՝ վարակվելուց զերծ մնալու և հանրապետություն հիվանդության ներբերումը կանխելու համար: Կարմրուկով վարակվելու տեսակետից բարձր ռիսկի խումբ են նախկինում չհիվանդացած (կամ հիվանդացած, սակայն լաբորատոր հետազոտության չենթարկված) և կարմրուկի դեմ գոնե մեկ դեղաչափ պատվաստում չունեցող անձինք, հատկապես 15-29 տարեկանները:





