AM
5 Հունիս 2013 - 07:07 AMT

Ամենացածր կատարողականը՝ Տրանսպորտի և կապի, Էներգետիկայի և բնական պաշարների ու էկոնոմիկայի նախարարություններում

Ազգային ժողովի տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այսօր քննարկվում է «Հայաստանի Հանրապետության 2012թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը արդյունաբերության, քաղաքաշինության, տրանսպորտի և կապի, էներգետիկայի և բնական պաշարների, սակագնային քաղաքականության, տնտեսական մրցակցության պաշտպանության և կադաստրի ոլորտներում:

ՀՀ Ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց այս ոլորտներին հատկացված գումարների և արձանագրված կատարողականի տվյալները:

Էկոնեմիկայի նախարարությունը պատասխանատու է եղել 19 բյուջետային ծրագրի համար: Նախարարությանը պետական բյուջեից հատկացվել է 3,3 մլրդ դրամ, արձանագրվել է 70,16% կատարողական:

Քաղաքաշինության նախարարությունը հաշվետու տարում պատասխանատու է եղել 19 ծրագրի համար: Նախարարությանը պետական բյուջեից հատկացվել է 12,9 մլրդ դրամ, արձանագրվել է 96,3% կատարողական:

Տրանսպորտի և կապի նախարարությանը հատկացվել է 52 մլրդ դրամ, որը կատարվել է 57,6%-ով: Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ ցածր կատարողականը պայմանավորված է նրանով, որ նախարարության ծրագրերի տեսակարար կշիռը եղել է արտաքին աջակցությամբ իրականավցող աղբյուրների հաշվին, իսկ ներքին աղյուրների հաշվին իրականացվող ծրագրերում արձանագրվել է մոտ է 100% կատարողական: Ցածր կատարողականի հիմնական պատճառը Ասիական բանկի աջակցությամբ իրականավցող Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման ծրագիրն է, որի համար նախատեսված 30,5 մլրդ դրամի փոխարեն նախարարությանը տրամադրվել է 7,7 մլրդ դրամ:

Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը հաշվետու տարում պատասխանատու է եղել 17 բյուջետային ծրագրի համար: Նախարարությանը տրամադրվել է 11,5 մլրդ դրամ և արձանագրվել է 60% կատարողական: Ատոմ Ջանջուղազյանը նկատեց, որ ծրագրերից 10-ը ներքին աղբյուրների հաշվին են իրականացվել, որտեղ արձանագրվել է 95% կատարողական, իսկ արտաքին աղբյուրների հաշվին իրականացվող ծրագրերում արձանագրվել է 57,3% կատարողական:

ՀՀ ֆինանսների փոխնախարարը տեղեկացրեց, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին հատկացվել է 427 մլն դրամ, արձանագրվել է 99% կատարողական: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական կոմիտեին հատկացվել է 251,3մլն դրամ, որտեղ ևս արձանագրվել է 99% կատարողական: ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին պետբյուջեից հատկացվել է 4,4 մլրդ դրամ, որը կատարվել է 87%-ով: