AM
5 Հունիս 2013 - 07:30 AMT

Արա Գյուլերը սովորեցնում է` ինչպես աշխարհի լավագույն ժուռնալիստներից մեկը դառնալ

Երեկ մի քանի ժամով Ազգային պակերասրահի գլխավոր մուտքը և հետնամուտքն «ուժեղ հսկողության տակ էին առնվել»: Իմ կողմից: Երրորդ հարկից 2 մուտքին էլ հնարավոր է միաժամանակ հետևել, որ հենց պահը գար` մոտենայի այն մեկին, որով կմտներ պահերի վարպետը` 85 ամյա աշխարհահռչակ ֆոտոլրագրող Արա Գյուլերը:

Ու քանի որ պատկերասրահի աշխատակիցները չէին կարող չնկատել` ինչ եմ անում, օգնեցին: Հենց իրենք առաջինը տեսան հետնամուտքից մտնող Գյուլերին: Բայց մինչ կհասնեի, փորձառու լրագրողը մտավ պատկերասրահի վերելակի կողքի դռնով: Իսկ նրան ուղեկցող, այդ պահին նաև վերելակին սպասող 2 տիկնանց և պարոնին միացա նաև ես, հատկապես երբ նկատեցի, որ թուրքերենից բացի հայերեն էլ են խոսում: Երբ վարպետը դուրս եկավ, ծանոթների մեջ ինձ տեսավ, ժպտաց: Մոտեցա: Մի հարցի համաձայնություն ստացա: Ու քանի որ իրեն լուսանկարիչ ասողներին Գյուլերը միշտ հիշեցնում է, որ ինքն առաջին հերթին ժուռնալիստ է, ֆոտոժուռնալիստ.

«Ինչպե՞ս աշխահի լավագույն ժուռնալիստներից մեկը դառնալ: Ի՞նչ պետք է սովորել:

«Ժուռնալիզմն աշխարհի ամենաբարդ գործն է: Այն երիտասարդների համար չէ: Դրա համար երկար ապրել է պետք: Դու, օրինակ, քանի տարեկան ե՞ս», – հարցրեց նա ու պատասխանս լսելով, դրան ևս 20 տարի ավելացրեց ու ասաց,- «Ժուռնալիստն ամենաքիչը 40 տարեկան պետք է լինի: Դու դեռ կյանքից էլ բան չես հասկանում, ոչինչ չես տեսել: Լավ ժուռնալիստ լինելու համար փորձառություն է պետք», – ասաց նա:

Իսկ տիկնանցից մեկը, որի հետ զրուցում էինք մինչև նրա գալը, հակադարձեց.«Դու էլ երիտասարդ ես եղել: Միանգամից չես փորձառությունդ ստացել: Աղջիկն էլ կսովորի»: Գյուլերը շարունակեց. «Իսկ քանի երիտասրդ ես, շատ բան տես, որ կարողանաս շատ բան սովորել և անել: Եվ հիշիր` կարևորը նայելը չէ, կարևորը տեսնելն է»:

Գյուլերը կարևորում է, որ 4 պատերազմ է լուսանկարել ու աշխարհում մի անկյուն չի մնացել, ուր եղած չլինի, բայց ասաց, որ ծովեզերքին ապրելն է իրեն ֆոտոժուռնալիտ դարձրել։ Իսկ վերելակն արդեն եկել էր ու Արա Գյուլերը գնաց։ Բարձրացավ Ազգային պատկերասրահի 9-րդ հարկ՝ իր լուսանկարների ու դրանց արժեքը գնահատողների մոտ։