AM
5 Հունիս 2013 - 08:39 AMT

Լարիսա Ալավերդյան. Սերժ Սարգսյանը մի ամբողջ ազգ զոհում է իր ընկերական հարաբերություններին

«Հարսնաքարի» գործի քննությունը ոտնահարում է մեր ազգային արժանապատվությունը: Նման տեսակետ հայտնեց Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«Այս գործի նախաքննության ամեն մի քայլը հիշեցնում է ինձ Սումգայիթյան ջարդերից հետո հանցագործությունները պարտակելու ձևերը: Ես դա ցավով եմ ասում, բայց հանցագործը ազգություն ունի, հանցագործությունը՝ չունի»,-ասաց Լարիսա Ալավերդյանը:

Անմդրադառնալով Գորիսում հունիսի 1-ին տեղի ունեցած միջադեպին, Լարիսա Ալավերդյանն ասաց, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը պետք է հրաժարական տա, իսկ Սերժ Սարգսյանը ընդունի այդ հրաժարականը: Ըստ նրա՝1988 թ-ից մինչ օրս իշխանության կազմում նույն դեմքերն են, եթե կա միտում այդ թիմում փոփոխություների, ուրեմն ժողովուրդը պետք է տեսնեի այդ փոփոխությունները:

«Գործող նախագահը շարունակում է նույն տխուր մեթոդներով ու մոտեցումներով աշխատել, ընկերական հարաբերություններին զոհ լինել, չի կարելի զոհաբերել մի ամբողջ ազգ հանուն ընկերական հարաբերությունների: Չի կարելի խրախուսական շքանշան տալ այն անձին, որը կրիմինալ հարցերում է խառնված: Գյումրին դարձրել ենք Չիկագո: Եթե տղամարդիկ դժվարանում են, թույլ տվեք դա անեն կանայք: Այսօր իշխանությունն իրեն վտանգում է նման շրջապատով: Մարդը կնոջ վրա ձեռք բարձրացնելուց հետո խրախուսվել է «Մարտական խաչ» շքանշանով»,-եզրափակեց Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպանը:

Հիշեցնենք, որոր հունիսի 1-ին, Սյունիքի մարզպետի առանձնատան մոտ կրակոցներ են հնչել, ինչի արդյունքում 1970 թ. ծնված Ավետիք Բուդաղյանը ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել է, իսկ 1971 թ. ծնված Արտակ Բուդաղյանը և 1975 թ. ծնված Նիկոլայ Աբրահամյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: