Երևանի քաղաքաշինությունը ոչնչացնում է Երևանի պատմությունը: Վերջին տարիներին կատարվածը հանցագործություն է երևացիների ու Երևանի նկատմամբ, իսկ գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը բարոյական առումով հանցագործ է: Կարծիքը «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանինն է: Այսօր ասուլիսի ժամանակ նա նշեց, որ դեմ է Հանրապետության հրապարակը վերակառուցելու մասին քաղաքապետարանի հայտարարած բաց մրցույթին: Նա միայն համաձայն է, որ Լենինի արձանի փոխարեն կարելի է ինչ-որ բան կառուցել. դա էլ քննարկելուց հետո:
«Փակ շուկայի օրինակով հրապարակն էլ ենք կորցնում: Չի կարելի հրապարակին ձեռք տալ»,- ասաց նա` ավելացնելով, որ, առհասարակ, միայն քաղաքապետարանի քաղաքաշինական խորհրդին կից ճարտարապետության հանձնաժողովում այս հարցի քննարկումը սխալ է, պետք է քննարկում կազմակերպվեր քաղաքաշինական խորհրդում, որը ձևավորված չէ:
Ճարտարապետ Սևադա Պետրոսյանի խոսքով, մրցույթի հայտարարությունը կարդալիս պարզ է դառնում 2 բան` քաղաքապետարանում բացարձակապես անտեղյակ են մրցույթներ կազմակերպելու կանոներից, կամ անձնական խնդիրներ են լուծում, ամբիցիաներ բավարարում: Իսկ Երևանը հաստատված գլխավոր հատակագիծ ունի, որն էլ պետք է լուծի բոլոր խնդիրները, այդ թվում տրանսպորտային: «Եթե հրապարակի առումով այս հարցը լուծված չէ, նշանակում է` կամ գլխավոր հատակագիծն է անկատար, կամ քաղաքապետարանում չեն կարողանում այն ի կատար ածել»,- ասաց Պետրոսյանը:





