Հունիսի 2-ին Գորիսում տեղի ունեցած միջադեպի ժամանակ հրազենային վիրավորում ստացած գնդապետ Արտակ Բուդաղյանի վիճակը կայուն ծանր է, բայց դինամիկ կերպով ապաքինում է նկատվում: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի տնօրեն Արամ Ասատուրյանը. «Այս պահին դեռ վերակենդանացման բաժանմունքում է, բայց եթե բուժման դինամիկան պահպանվի, 2-3 օրից կտեղափոխենք վիրաբուժական բաժանմունք: Հիմա ստանում է պլանային հետվիրահատական բուժում»:
Ասատուրյանը տեղեկացրեց նաև, որ վնասվել է գնդապետի լյարդը, որի ամբողջականությունն արդեն վերականգնվել է և նոր վիրահատության անհրաժեշտություն այս պահին չկա: «Հրազենային վիրավորումները և վիրահատությունները հիմնականում պահանջում են 2-րդ վիրահատություն և հետվիրահատական բարդ շրջանի վտանգ են ունենում, բայց գնդապետ Բուդաղյանն առողջ տղամարդ է, բոլոր անհրաժեշտ բուժական միջոցառումներն էլ ձեռնարկվել են և վտանգն անցել է», – ասաց հոսպիտալի պետը:
Նրա խոսքով, հիվանդն ի սկզբանե անգիտակից վիճակում չի եղել, բայց նման վիրավորումից և վիրահատությունից հետո շփումը բավական բարդ է: «Մեր հարցերին պատասխանել է: Նրան այցելել են զինդատախազը, քննչական ծառայությունից: Շփվում է հարազատների հետ»:
Եղբոր մահվան մասին նրան դեռ չեն հայտնել: ԿԿԶՀ պետի խոսքով, ավելի նպատակահարմար կլինի, որ վիճակը բարելավվի, վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվի, որից հետո հետո հարազատները հայտնեն:
Իսկ վիրավորվելու պահին Բուդաղյանի` ալկոհոլի ազդեցության տակ լինելու մասին նշեց, որ Բուդաղյանը դեպքից միայն 12 ժամ անց է տեղափոխվել հոսպիտալ և արդեն անիմաստ էր նման հետազոտություն անել:
Զինհոսպիտալի պետը նշեց նաև, որ գնդապետը մի քանի ամսից կապաքինվի և կարող է վերադառնալ զինվորական ծառայությանը:





