AM
5 Հունիս 2013 - 13:52 AMT

ՏՄՊՊՀ. Մեր հիմնական խնդիրը ոչ թե մենաշնորհի, այլ չարաշահումների դեմ պայքարն է

Հայաստանի տնտեսության զարգացման ամենալուրջ խնդիրներից մեկն այն է, որ կա մենաշնորհ, մոնոպոլիա, անընդհատ խոսվում է դրա դեմ պայքարի մեխանիզմների բացակայության մասին, բայց ոչինչ չի արվում: Այսօր ԱԺ-ում 2012թ.-ի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հարցը բարձրացրեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: «Եթե մենք հայտարարում ենք, որ կա մենաշնորհ, պետք է անմիջապես դրա դեմ պայքարի գործիքներ ստեղծենք»,-ասաց պատգամավորը:

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական կոմիտեի նախագահ Արտակ Շաբոյանը պատասխանեց, որ մենաշնորհների, խոշոր ընկերությունների կամ գերիշխող դիրք ունեցողների դեմ օրենսդրորեն պայքար Հայաստանում չկա: «Մրցակցության մասին օրենսդրությունն, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեզ մոտ թուլ է տալիս խոշոր տնտեսվարողների առակայություն: Մեր հիմնական խնդիրը չարաշահումների դեմ պայքարն է»,- ասաց նա:

Արտակ Շաբոյանը նկատեց, որ վերջին տարիների մի շարք ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ շատ դեպքերում բացահայտված խնդիրները ոչ թե հետևանք են, այլ պատճառներ և շատ հաճախ պատճառները գտնվում են տարբեր պետական մարմինների կատարաման դաշտում:

Աժ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն ՏՄՊՊՀ նախագահից հետաքրքրվեց, թե գների միտումնավոր բարձրացման արդյունքում գերշահույթ ստացած քանի կազմակերպություն է տուգանվել: Արտակ Շաբոյանը պատասխանեց, որ ազոտական պարարտանյութերի շուկայում նման գործունեության արդյունքում ամենախոշոր ներկրող ընկերությունը` «Քեթրին գրուպը» տուգանվել է 10 միլիարդ դրամով: