Ինչպես արդեն տեղեկացրել էինք, վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է երեկ կառավարության շենքի դիմաց բողոքի ցույցի դուրս եկած ազատամարտիկներին: Կառավարությունից հայտնում են, որ ազատամարտիկներին հանդիպելուց հետո վարչապետը հանձնարարել է Պաշտպանության նախարարությանը մանրամասն ուսումնասիրել սոցիալական ծրագրերում ներգրավված ազատամարտիկների ցուցակները և դրանցում իրականացնել անհրաժեշտ ճշգրտումներ:
Քանի որ ազատամարտիկները վարչապետի հետ զրույցում մատնանշել են նաև հասարակության ոչ ճիշտ արձագանքն իրենց խնդիրներին ու բարձրացրած հարցերին, որպես այդ ուշադրության առաջին դրսևորում, ազատամարտիկներն առաջարկել են, որպեսզի հանրապետությունում սահմանվի Ազատամարտիկի օր, որը կկարգավորվի օրենքով: Զրուցակիցները քննարկել են նաև հայրենասիրական դաստիրակությանը, Ազատամարտիկի թանգարանի հիմնմանը և այլ խնդիրներին առնչվող հարցեր: Հիշեցնենք, որ ազատամարտիկները պահանջում են բարձրացնել իրենց թոշակները: Նրանք երեկ բողոքի ակցիա են անցկացրել կառավարության շենքի մոտ, որից հետո վարչապետը նրանց առաջարկել էր հանդիպել և քննարկել բարձրացված հարցերը:





