Միացյալ Նահանգներում թե գործադիր և թե օրենսդիր իշխանական թևերում, ինչպես նաև տեղական մակարդակով բազմիցս ճանաչվել է հայերի ցեղասպանության փաստը: ԱՄՆ Հայկական համագումարը և Հայկական Ազգային ինստիտուտը (ANI) հրապարակել են էլեկտրոնային բրոշյուր այս մասին` սկսելով դեռևս նախագահներ Վիլսոնի, Կալվին Քուլիջի հայտարարություններից մինչև Ռոնալդ Ռեյգանի կողմից 1981թ.-ի ապրիլին Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումը:
Պատմաբան Ռուբեն Ադալյանը, որը ղեկավարում է նշված ինստիտուտի աշխատանքը, նշում է, որ ամերիկյան իշխանություններն իրազեկ էին 1915թ.-ի ջարդերին և նախագահի ու սենատի մակարդակով արդեն 1915-1920թթ.-ին բազմիցս դատապարտել են դրանք:
11 էջից բաղկացած փաստաթղթում ներկայացված է նաև ցեղասպանության տարիներին Միացյալ Նահանգների իրականացրած մարդասիրական գործունեությունը: Ընդ որում, այս աշխատանքները տեղի էին ունենաում Սպիտակ տան անմիջական օժանդակությամբ, նշում է Ռուբեն Ադալյանը` շեշտելով, մասնավորապես Near Easr Relief կազմակերպության ձևավորումը:
Իսկ նախկին նախագահ Թեոդոր Ռուզվելտը 1918թ-ին տեղի ունեցածը բնութագրել է որպես «1-ին համաշխարհարհայինի ընթացքում տեղի ունեցած մեծագույն ոճիր»:
Հետագայում 1975թ-ին ապրիլի 9-ին ամերիկյան օրենսդիրի 148 համարի բանաձեը, ապրիլի 24ը հռչակել է որպես մարդու կողմից մարդկության դեմ բռնության օր, իսկ մասնավորապես 1915թ-ին կատարվածը բնորոշել է իբրև «Հայերի ցեղասպանություն»: Նույն բովանդակության փաստաթուղթ է ընդունվել նաև 1984թ-ի սեպտեմբերին:
«Թուրքիայի մերժողական քաղաքականությունը և այն փաստը, որ անցնող տասնամյակների հետ ամերիկացիների նախկին` ավելի իրազեկ սերնդի պաշտոնյաներին փոխարինել են թեմային պակաս չափով տիրապետող մարդիկ. հենց ուրվագծում է այն մարտահրավերները, որոնք այսօր պետք է հաղթահարի ամերիկահայ համայնքը` ամերիկյան պաշտոնյաներին և հասարակությանը կրթելու և Մեծ Եղեռնի վերաբերյալ ճշմարտությունը ներկայացնելու առումով»,- շեշտում է պատմաբան Ռուբեն Ադալյանը: Հիշեցնենք, որ ներկայում ԱՄՆ ներկայացուցիչների պալատում առաջադրվել է նոր օրինագիծ, որը դատապարտում է Հայ ժողովրդի ցեղասպանությունը:





