AM
8 Հունիս 2013 - 07:56 AMT

Սիլվա Ադամյան. Քաղաքացիները չպետք է ստորագրեն «ՀայՌուսգազարդի» հետ փոխադարձ պայմանագրի տակ

«Կանխենք գազի թանկացումը» նախաձեռնությունը կոչ է արել Հայաստանի քաղաքացիներին չստորագրել «ՀայՌուսգազարդի» հետ փոխադարձ պայմանագիրը: Այս մասին ասաց նախաձեռնության անդամ Սիլվա Ադամյանը:

«Հանրությունը հասկանում է, որ լուրջ խնդիրների առջև է կանգնած, բայց ողջ բեռը դրված է մեր նախաձեռնության ուսերին: Մենք փորձել ենք մարդկանց ցույց տալ, թե ինչ է իրենց սպասվում: Երբ գազի սակագնի փոփոխություն է կատարվում, «ՀայՌուսգազարդի» աշխատակիցները փոխադարձ ակտի տակ ստորագրել են տալիս սպառողներին: Մենք Facebook-ում կոչ ենք արել չստորագրել այդ փաստաթուղթը: Հակառակ դեպքում դրանով կամրագրվի, որ հասարակությունը համաձայն է գների փոփոխությանը: Չստորագրելու դեպքում պայմանագիրը կխզվի»,- շեշտեց նա:

Իսկ նախաձեռնության մեկ այլ անդամ Անի Բաղինյանի խոսքով էլ, այդ պարագայում «ՀայՌուսգազարդին» սնանկացում կսպառնա և այն ստիպված կլինի վերանայել սակագները: Նա կարծում է, որ միայն միասնական ջանքերի շնորհիվ կարելի է կանխել թանկացումները: