AM
10 Հունիս 2013 - 06:30 AMT

Կարկուտից տուժած Ագարակ, Լեջան և Ամրակից համայնքների վնասն ամբողջությամբ փոխհատուցվել է

«Տաշիր» բարեգործական հիմնադրամը բավարարել է Լոռու մարզի` կարկուտից առավել տուժած Ագարակ, Լեջան և Ամրակից համայնքների կողմից ներկայացված առաջարկները` հողատերերին աջակցելու վերաբերյալ: Այս մասին տեղեկացրել է ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավար Արտակ Ճաղարյանը` վերոնշյալ համայնքներ այցելության ժամանակ:

Երեք համայնքերում ստեղծված հանձնաժողովները հաշվարկել էին վնասի չափերը և տուժած հողատերերին աջակցելու առաջարկ ներկայացրել Լոռու մարզպետարան: Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը դիմել էր ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանին՝ համայնքների բնակիչներին հնարավորության սահմաններում օգնելու խնդրանքով:

Արտակ Ճաղարյանը տեղեկացրել է, որ բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը որոշել է համայքների կողմից ներկայացված պահանջարկը բավարարել ամբողջությամբ, այն է` կարտոֆիլի ցանքատարածությունների համար (դրանք վերականգնելի են) տրամադրել ազոտական պարարտանյութ, իսկ ցորենի ցանքատարածությունների համար վճարել գյուղացիների հողի հարկը` ըստ ներկայացված ցուցակների:

Պարարտանյութի գնման գումարն արդեն իսկ փոխանցված է, իսկ հողի հարկի վճարումները կկատարվեն առաջիկա օրերի ընթացքում:

Հիշեցնենք, որ անցած ամիս տեղացած առատ կարկուտի հետևանքով Հյաաստանի մի շարք համայնքներում ամբողջությամբ կամ մասնակի վնասվել էին այգիներն ու ցանքատարածությունները: