AM
10 Հունիս 2013 - 08:46 AMT

Բավրայի մաքսակետում բրոքերային միջնորդավճար են պահանջում. Ջավախքցիները բողոքի ակցիա են կազմակերպել

Արդեն մի քանի օր է ՀՀ մաքսային ծառայությունների որոշմամբ հայ-վրացական պետական սահմանի Բավրայի մաքսակետում Վրաստանի քաղաքացիների կողմից լրացվող բեռնամաքսային հայտարարագրերի տրամադրման համար մտցվել է բրոկերային միջնորդավճար, ինչը հարուցել է առանց այն էլ սոցիալական բազմաթիվ խնդիրներ ունեցող ջավախքցիների արդարացի դժգոհությունը: Այդ կապակցությամբ հունիսի 8-ի վաղ առավոտյան մի խումբ ջավախքցիներ բողոքի ակցիա էին կազմակերպել հայ-վրացական սահմանի վրա: Այս մասին հայտնում են «Ջավախք» հայրենակցական միությունից:

«Հասկանալի է, որ բրոքերային միջնորդավճարը գանձվում է ըստ սահմանված կարգի, և այն գործում է բոլոր սահմանային մաքսակետերում: Սակայն, այս դեպքում խնդիրը բոլորովին այլ է, քանի որ Բավրայի սահմանակետից Հայաստան են մուտք գործում բացառապես մեր հայրենակիցները՝ ջավախքցիները, հետևաբար, ստացվում է, որ հայրենիք մուտք ու ելքի համար ջավախքցին գումար է վճարում, ինչը չի ընկալվում վերջիններիս կողմից և չի տեղավորվում առողջ տրամաբանության մեջ»,-ասված է հաղորդագրության մեջ:

«Ջավախք» հայրենակցական միությունը այս կապակցությամբ իր մտահոգությունն է հայտնում և կոչ անում ՀՀ մաքսային ծառայություններին լրջորեն քննարկել խնդիրը և վերականգնել նախկինում գործող կարգը՝միաժամանակ, հորդորելով ջավախքցիներին հանդարտվել, զինվել համբերությամբ և լավատեսությամբ, այն ակնկալիքով, որ ընդունելի և գոհացուցիչ որոշում կընդունվի: