Մեր խումբը մյուսներից շուտ տեղ հասավ։ Նրանց պիտի սպասեինք, այնպես որ «տեղանքին ծանոթանալու» ժամանակ ունեինք։ Տեղանքը մարզի ամենամեծ գյուղերից մեկն էր: Գյուղամեջը զորամասից մի քանի քայլ էր հեռու, իսկ ևս մի քանի մետր այն կողմում ճաշարան գտա։ Զորամասին մոտ ճաշարան. այստեղ զինվորների, հրամանատարի մասին միանշանակ շատ բան կիմանան։

Ճաշարանի տիրուհին, պարզվեց՝ հենց նույն զորամասում զինվոր ունի՝ քրոջ որդին։ Ու դեպքի օրը, իր խոսքով, կես մարդ է դարձել մինչև իմացել է, որ նրա հետ ամեն ինչ կարգին է։ Տիկին Սաթենիկը, սակայն, կոտրեց կարծրատիպը, թե նման միջադեպերից հետո հասարակության վստահությունը բանակի, զորամասի հրամկազմի նկատմամբ կորչում է։ «Երեխեքն են սխալ բան արել, անխելքություն են արել»,- ասաց նա, բայց ավելացրեց, որ այս զորամասի զինվորները հատկապես խելացի են, դաստիարակված։
Հրամանատարն էլ մի անգամ իր ճաշարան մտել է։ «Բարեհամբույր մարդ է, կիրթ, հարգալից։ Զինվորները խոսում են, որ խիստ է, բայց խստություն պետք եղած ժամանակ է անում»։ Տիկին Սաթենիկն էլ հայտնի է խստությամբ՝ մինչև «ուվալնենին» չի ստուգում, զինվորներին իր ճաշարան չի թողնում։ Նրանք էլ ամեն անգամ արձակման թերթիկ ստանալիս այստեղ են վազում՝ տան ճաշերի համը հիշելու։ Իսկ ճաշարանի տիրուհին միշտ պատրաստ է, որովհետև գիտի. «Իմ պատրաստած ամենահամեղ ուտելիքը նապաստակի չախոբիլին է, բայց մեր երեխեքը «կարտոշկի ժարիտն» են սիրում ու վերջ»։

Մեր սպասելուն էլ վերջ եղավ։ Մտանք զորամաս։ Զինվորներից էլ շատ այստեղ վարդերն էին, որ ինչպես զորամասի հրամանատար Վահագն Ասատրյանն ավելի ուշ ասաց, հենց զինվորներն են խնամում.«Ամեն օր գալիս են, ասում, որ իրենց ավելի շատ տարածք ու ծաղիկ տանք։ Մեր տղաները սիրում են հողի հետ աշխատել»։ Եվ այս ծաղիկներից զինվորները կտրել, մեզ համար էին նախապատրաստել։ Ինձ բաժին հասան հետախույզներից մեկի ծաղիկները։ Հենց նրա հետ էլ զրուցեցի այդ զորամասում ծառայության մասին, այնպես որ անունը չեմ նշի։
Պատմեց, որ հետախույզներն ամեն զորամասի ամենաուժեղ, ամենապատրաստված զինվորներն են։ «Մեզ զորամաս մտնելու 1-ին օրը հատուկ են ընտրում՝ հաշվի առնելով ցանկությունն ու ֆիզիկական պատրաստվածությունը։ Իսկ մի քանի ամիս անց այնքան բան ենք սովորում, որ շատ հարցերի շուրջ ենք տեսակետներ փոխում, նոր ու կարևոր բաներ հասկանում ծառայության, հակառակորդի, առհասարակ կյանքի մասին»։
Զինվորի խոսքով, ինքը մտերիմ ընկեր չունի։ Իրենը մտերիմ ընկերներ են, որովհետև առնվազն հետախուզական վաշտում ընդհանուր սկզբունքներ ունեն, որոնց թվում հայհոյանքը չընդունելը, բացառելն է։
Հետախույզի հետ զրուցելիս հակառակորդի մասին հարց չտալը մեղք է։ Այնպես որ խնդրեցի մի գաղտնիք պատմել, որ եթե հրապարակեմ, մեզ չի վնասի.«Ադրբեջանցիներն իրենք իրենց հետ չեն կարողանում լեզու գտնել, ուր մնաց մեզ հետ։ Բացառվում է նրանց հող վերադարձնելը»։

Մեզ էր միացել նաև մեր հետախույզի հրամանատարն ու թեման նրա հետ շարունակվեց։ «Մարդը միշտ իր լավագույն կողմն է ցույց տալիս։ Իսկ դատելով նրանից, թե ինչ են ցույց տալիս ադրբեջանցիները, ես կասեմ, որ իմ տղաների նրանց հետախույզներից մի քանի գլուխ բարձր են», – ասաց նա ու ավելացրեց` զինվորը, որի հետ իրենից առաջ զրուցում էի, լավագույններից մեկն է՝ կարգապահ, իր առաջադրված խնդիրները ժամանակին և գերազանց կատարող։
Իսկ այդպիսի հետախույզներ պատրաստելու համար առնվազն այս զորամասում բոլոր պայմանները ստեղծված են, բայց լավագույն հետախույզներից մեկը դառանալու նախապայմաններն ուրիշ են.«Առաջին հերթին` հայրենասիրություն և նվիրվածություն։ Միայն այդ հատկանիշներն ունեցող զինվորը կարող է հետախույզ դառնալ», – ասաց հետախուզական վաշտի հրամանատարն ու ավելացրեց, որ լավ լրագրողն էլ պետք է խելացի լինի ու հակառակորդի հետախույզին մեր մասին տեղեկություն չտա։
Որ այս զորամասը լավագույններից մեկն է, հաստատվում էր ամեն քայլափոխին։ Ճաշարանում, որտեղ ճաշից բացի զինվորի համար, ում ծննդյան օրն էր, հատուկ սեղան էին պատրաստում լսարաններում, ուր մտանք այն պահին, երբ զինվորները սովորում էին միջազգային մարդասիրական իրավունք։
Պահակակետում, որտեղ տեղի է ունեցել միջադեպը խիստ նկատողություն ստացած զորամասի հրամանատար, գնդապետ Վահագն Ասատրյանը տեղի ունեցածի մասին արդեն հայտնի մանրամասները տեղայնացված ներկայացրեց, նշեց, որ իր կարծիքով, կրակոցը միտումնավոր չի եղել: «Վերջին դեպքից առաջ զորամասում պատահարների, միջադեպերի վիճակագրությունը տարվա կտրվածքով 30 տոկոսով նվազել էր: Իսկ կարևորն այն է, որ ինքնախեղման ոչ մի դեպք չի արձանագրվել: 2 անգամ զինվորներն ինքնակամ լքել են զորամասը` ընտանեկան խնդիրների պատճառով»:

Իսկ մի քանի ժամ անց նախարարը դրեց այս զորամասում տեղի ունեցածը քննարկելու առնվազն մի ուղղության վերջակետը՝ պատասխանատվության, սրտացավության առումով.«Արգելում եմ օգտագործել «բանակը հասարակության հայելին է» կամ «բոլոր բանակներում էլ միջադեպեր լինում են» արտահայտությունները։ Առաջինով մենք, կարծես, արդարանում ենք, երկրորդի մասին պետք է նշել, որ մեր բանակն ազգային է, մեր տունն ու մեր ամրոցը՝ իր կանոններով ու պահանջներով»:





