Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է բանկի` «Մալաթիա» մասնաճյուղի կառավարիչ Կ.Գյուլնազարյանի կողմից յուրացում, վաշխառություն կատարելու և փաստաթղթեր կեղծելու փաստերի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը:
Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` Կ.Գյուլնազարյանը 2007թ. մայիսին Ա.Մովսեսյանի հետ գործարք է կատարել` վերջինիս համար ծայրահեղ ոչ ձեռնտու պայմաններով, որի արդյունքում Ա.Մովսեսյանն ընկել է նյութական ծանր վիճակի մեջ, իսկ Կ.Գյուլազարյանը` օգտվել այդ գործարքից:
Բացի այդ, Կ.Գյուլնազարյանը, ով 2003թ. հունիսից հանդիսացել է բանկերից մեկի «Մալաթիա» մասնաճյուղի կառավարիչ, նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` թվով 10 ավանդատուների` որպես ավանդ ներդրված գումարներից առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2010թ. փետրվարից մինչև 2010թ. դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում ժամկետից շուտ ավանդի գումարները հետ վերադարձնելու վերաբերյալ դիմումներում կեղծելով ավանդատուների ստորագրությունները, դրամարկղից ստացել և յուրացման եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափի` 110 422 665 դրամին համարժեք 300 863 ԱՄՆ դոլար և 952 485 ՀՀ դրամ` բանկին պատճառելով ընդհանուր 111 127 116 դրամի գույքային վնաս:
ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում իրականացված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Կ.Գյուլնազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 325-րդ հոդվածի 1-ին մասով և 213-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:





