AM
10 Հունիս 2013 - 15:12 AMT

Սեպտեմի քաղաքապետը Հ. Հակոբյանին է ներկայացրել իրենց քաղաքում իրականացվող հայանպաստ ծրագրերը

Այսօր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Ֆրանսիայի Սեպտեմի քաղաքապետ Անդրե Մոլինոյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քաղաքապետը Հրանուշ Հակոբյանին ներկայացրեց իրենց քաղաքում իրականացվող հայանպաստ ծրագրերն ու դրանց իրագործման մեխանիզմները:

2007-ին Սեպտեմ քաղաքում ստեղծվել է հայերի միություն, որի ջանքերի արդյունքում բազմաթիվ միջոցառումներ են իրականացվել ինչպես Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ, այնպես էլ Հայաստանի Գավառի մանկատան սաներին օգնելու նպատակով: Միության ներկայացուցիչները ամեն տարի այցելում են մանկատուն, հագուստով և այլ ապրանքներով հոգում մանկատան կարիքները: Այս տարի ծրագրվել է բարեկարգել մանկատանը կից այգին: Սեպտեմի քաղաքապետը նշեց, որ հուլիսին իրենց քաղաքի տոնն է լինելու և մանկատան 10 սաներ կհյուրընկալվեն իրենց քաղաքում:

Նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց հյուրերին և մասնավորապես նշեց. «Ֆրանսիացիները մեր այն բարեկամներն են, ովքեր 1915-ին կանգնեցին հայերի կողքին, աջակցեցին և թույլ չտվեցին, որ նրանք կորցնեն իրենց ինքնությունն ու լեզուն: Գոհունակությամբ պետք է նշեմ, որ ֆրանսիայում հայերը կայացել են որպես Ֆրանսիայի արժանավոր քաղաքացիներ, իրենց ուժերն են ներդրել հայ համայնքի կայացման և կամուրջ դարձել հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման գործում»:

Հանդիպման ավարտին քաղաքապետը նախարարին նվիրեց Սեպտեմ քաղաքի մասին պատմող գիրք, որը չի խմբագրվել և սրբագրվել, այն ուղղակի կազմվել է քաղաքի բնակիչների կողմից: