AM
13 Հունիս 2013 - 08:33 AMT

Շահան Քանդահարյան. Ինքնության խնդիրներ գուցե այլ հանգրվանի

Ստամբուլի և այլևս նաև Անկարայի իրադրություններին (եթե դեռևս չենք ուզում ընդհարումներ բառակապակցությունը օգտագործել բնութագրելու համար ներթուրքական իրավիճակը) հետևելու ընթացքում ավելանում են մի քանի դիտակետեր։ Այս մասին գրում է իր հոդվածում «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը: Հոդվածում մասնավորապես ասվում է.

Նախ, իհարկե, ցույցերի, բողոքների տևողության երեույթը։ Եթե ցույցերի մոտ տարողության նոր մագլցումներ չեն արձանագրվում, այսուհանդերձ պետք է նկատել անպայման, որ դրանք շարունակվում են։ Իսկ զանգվածային բողոքի գործողությունների ավելի քան տասը օր տևելը ենթադրում է շարժման հետևանքայնությունը։ Տարերայնությունը արագ մակընթացություններին առընթեր արագ տեղատվություններ է ունենում։ Այս դեպքը հուշում է, որ իրադրությունների շարունակականությանը միտող նախադրյալներն արդեն զգալի են դառնում։

Ոճի փոփոխությունը ևս տեսանելի է շատ հստակ ձևով։ Երկուստեք բնականաբար։ Եթե մի կողմից վարչապետ Էրդողանը վճռակամություն ցուցադրելու, անզիջողականության կոչերով հանդես գալու և պայմանաժամերով խոսելու վարքագծի դրսևորումներ է ունենում ամեն առիթով, մյուս կողմից ցուցարարների մոտ նկատվում է բողոքի գործողությունների հարձակողապաշտություն, որը քաղաքական բառապաշարով բանաձևվում է իբրև քաղաքացիական անհնազանդություն։ Բազմաթիւ են փաստերը զոհերի, վիրաւորների, հրկիզումների, քանդումների, ջրցան մեքենաների, արցունքաբեր ռումբերի և ուժի հետևողական կիրառման։

Երկկողմանի խստացման երևույթների դիմաց միջազգային արձագանքը նախ լրատվական առումով ի նպաստ ցուցարարների է։ Իսկ տեղեկատվական քաղաքականությունը, անշուշտ, պետական ներշնչումներ ունի։ Պարզ է. Միացյալ Նահանգներն արդեն կհասցնեին երկու հիմնական հայտարարություն կատարել Ստամբուլի ալեկոծումների մասին։ Ուղերձը ուղղված էր իշխանություններին, որոնց հանդուրժողական կոչ էր ուղղվում։ Այս բոլորը իհարկե բանաձևված են դիւանագիտական ասելաձևով. այսուհանդերձ հասկանալի է դառնում հիմնական ուղերձը, երբ Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի խոսնակը, տարածած հաղորդագրության մեջ նշում է, որ անհանգստությամբ հետևում են տեղի ունեցող իրադարձություններին և վերստին ընդգծում է, որ պետք է հարգվի ժողովրդի ազատ արտահայտվելու իրաւունքը։

Արտաքին այս ներշնչումը, իր հայտարարողականության սահմաններում թեկուզ, ո՞րքան կարող է ազդել բնապահպանական, ձախակողմյան և ժողովրդավարացման պահանջներով Ստամբուլի հրապարակները գրաւած, քաղաքակիրթ բողոքի գործողություններից հետզհետե քաղաքացիական անհնազանդության վերածվող ամբոխի վրա, դեռևս մնում է հստականալի։ Առնվազն սակայն պետք է մտածել շարժման տևողության մասին համեմատություններ կատարելով տարբեր շրջանների, երկրների և Թուրքիայում կիրառված-կիրառվող գունաւոր հեղափոխությունների համար օգտագործված տեխնոլոգիաների միջև։ Թվում է երևութապես գեթ, որ իբրև որդեգրված ոճ արաբական գարնանային հովերից աւելի գունաւոր հեղափոխության նմուշներ են ցուցադրվում։

Շրջանային մակարդակի վրա անպայման պետք է հայացքները ուղղել հարևան Սիրիայի վրա, այնտեղ նկատելու ներկա հանգրվանի իրադարձությունների որոշ մի ուղղություն։ Ժնև 2-ի նախօրյակին և ներթուրքական ալեկոծումներին զուգահեռ «Հյուսիսի փոթորիկը» թափ է ստանում։

Հիմա հայկական առնչությունների մասին՝ իբրև անշրջանցելի դիտակետ։ Թուրքական մամուլը խոսում է բողոքի հիմնական այլ շարժառիթի մասին, որ դարձյալ հայկական ակունքներ ունի։ Թուրքական TRT տեղեկատվական համակարգի ռադիոյի շենքը ևս կառուցված է նախկին հայկական գերեզմանատան վրա։ Հայկական գերեզմանների ոչնչացման պետության օրոք կիրառած քաղաքականության նպատակները պարզ են։ Սա ևս ժխտողական համընդհանուր քաղաքականության հատկանշական երևույթներից է։ Գերեզմանների ոչնչացումը պատահական չէ. սերունդները իրենց նախնիների կրոնական և ազգային պատկանելիության կարևորագույն փաստերից մեկը կորցնում են այս ձևով։ Հավաքական հիշողության չեզոքացման պետական գործողություններից պարզ մի օրինակ է սա։ Իսկ խնդիրը ոչ միայն հայկական հետքերը ջնջելու պետական մտադրության մասին է խոսում, այլ սեփական պատմության հետ առերեսման խուսափման։

Պետական շենքերի, այգիների և դեռևս բացահայտելի շատ կառույցների ակունքները այսօր զգալի են դառնում և խոսում բնաջնջման ենթարկված մի ինքնության մասին։ Հայկական կամ այլ ինքնությունների խնդիրների բարձրաձայնումը դեռևս լսելի չէ։ Դա արդեն բոլորովին ուրիշ հարթություն կտեղափոխի շարժումը։ Թեև դա ևս կարող է ավելի ուշ, այլ հանգրվանում առնչվել Սպիտակ տան հաղորդագրությունում տեղ գտած կոչին թե՝ «պետք է հարգվի ժողովրդի ազատ արտահայտվելու իրավունքը», ասվում է հոդվածում: