«Սպառողների միություն» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը հասարակությանը կոչ է անում ընդվզել և թույլ չտալ գազի գնի բարձրացումը: Ըստ նրա՝ կառավարության խոստացած սուբսիդավորումը հարցի լուծում չէ, քանի որ այդ գումարը ևս ազգաբնակչությունն է տալու:
«Սուբսիդավորումը հարցի լուծում չէ, լուծում կլինի տնտեսության բարելավման շնորհիվ», – ասաց նա՝ հավելելով, որ դա կարող է լինել ատոմակայանի հզորացումը, էլէկտրատրանսպորտի ծավալի մեծացումը: «Պետք է այլընտրանք փնտրել»,-ասաց Արմեն Պողոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նա նաև տրանսպորտի հնարավոր թանկացման մասին խոսեց.
«Երբ մետրոն 40 դրամից դարձավ 50 դրամ, այն ժամանակվա քաղաքապետը ցինիկորեն հայտարարեց, թե միևնույն է՝ այդ 10 դրամը չէր վերադարձվում: Դրանից հետո մետրոն դարձավ 100 դրամ ու չգիտես ինչու՝ բոլորը լռեցին»,-ասաց նա՝ հավելելով, որ եթե խոսքը 5 տոկոս թանկացման մասին է, նշանակում է, որ սակագինը կդառնա 105 դրամ ու հաշվի առնելով մետրոյի պարագայում տեղի ունեցածը, այդ 105 դրամը կկլորացնեն ու կդարձնեն 200 դրամ:





