Այսօր Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի «Խարբերդ» մասնագիտացված մանկատանը ՀՀ ԱԻՆ օժանդակությամբ, մանկատան աշխատակազմը կազմակերպել էր հրդեհի սցենարով ուսումնական տարհանում:
Ուսումնավարժությանը մասնակցեցին մանկատան ողջ անձնակազմը` մոտ 250 մարդ, և մանկատան 265 սաները, ովքեր հիմնականում մտավոր և ֆիզիկական զարգացման խնդիրներ ունեցող երեխաներ են: Ուսումնավարժությանը ներկա էին նաև ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը և ԱԻՆ ՓԾ փրկարար ուժերի վարչության պետ, գնդապետ Պ. Գյոզալյանը:
Վարժանքի հիմնական նպատակն էր գործնականում ստուգել, ամրապնդել երեխաների և մանկատան աշխատակիցների հմտությունները` հրդեհի դեպքում անվտանգության վարքականոնների վերաբերյալ:
Ժամը 11.00-ին տրվեց տագնապի ազդանշան, ինչից հետո մանկատան 5 մուտքերից, հաշված րոպեների ընթացքում, տարհանվեցին մանկատան բոլոր սաներն ու աշխատակազմը:
Սցենարի համաձայն` մանկատանը հրդեհ էր բռնկվել, սակայն պայմանական հրդեհի օջախը ոչ թե շենքի ներսում էր, այլ` դրսում, քանի որ մանկատան ներսում ծուխ տեսնելով` մտավոր զարգացման խնդիրներ ունեցող երեխաները կարող էին հոգեբանական խնդիրներ ունենալ: Մանկատան աշխատակիցները «հրդեհը» մարեցին սեփական ուժերով: Դրա նպատակն էր, ստուգել աշխատակազմի` կրակմարիչներից օգտվելու հմտություններն ու սեփական ուժերով հրդեհը մարելու ունակությունները: «Այսօրվա ուսումնական տարհանումը բարեհաջող անցավ: Մանկատան աշխատակիցները շատ լավ էին պատրաստված: Բոլորը շատ կազմակերպված դուրս եկան շենքից: ԱԻ նախարարության կողմից այս կարգի հաստատությունների նկատմամբ կա հատուկ ուշադրություն: Կային նաև որոշ թերացումներ, սակայն մենք այստեղ ենք, որպեսզի աջակցենք մանկատանն ու ամրապնդենք փոխգործակցությունը, ինչի արդյունքում նման հաստատություններն ավելի պատրաստված կլինեն արտակարգ իրավիճակներին, իսկ երեխաներն ավելի ապահով ձեռքերում կլինեն», – ասաց ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Գաբրիելյանը:
«Միջոցառման նպատակն էր զարգացնել աշխատակիցների հմտությունները` հրդեհի դեպքում, որպեսզի նրանք իմանան ինչպես ճիշտ կազմակերպել տարհանումը: Երեխաներին պետք է հնարավորինս արագ ու ապահով դուրս բերել անվտանգ տարածք: Սա մեզ մոտ կազմակերպված առաջին այսօրինակ միջոցառումը չէր: Առաջին անգամ, տարհանման ժանակ, մասնակիցների մոտ խուճապ կար: Բոլորը միայն տեսականորեն գիտեին, թե ինչ պետք է անել, սակայն այս անգամ ամեն ինչ շատ ավելի կազմակերպված էր: Այսօրվա ուսումնավարժությունը գնահատում եմ բավարար», – ասաց մանկատան տնօրեն, ուսումնավարժության ղեկավար Հ. Բալասանյանը:
Միջոցառման վերջում գեներալ-մայոր Գաբրիելյանն ու գնդապետ Գյոզալյանն իրենց մասնագիտական խորհուրդներն ու ցուցումները տվեցին ուսումնավարժության կազմակերպիչներին` հետագայում նմանօրինակ վարժանքներն էլ ավելի բարձր մակարդակով անցկացնելու համար, քանի որ դրանից է կախված, առաջին հերթին, մանկատան սաների անվտանգությունը:





