AM
13 Հունիս 2013 - 12:48 AMT

Պռոշյանի գյուղապետի սպանության բացահայտման ընթացքին ծանոթանալու համար ՀՅԴ-ականները հանդիպել են ոստիկանապետին

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավորներ Արմեն ՌուստամյանըևԱղվան Վարդանյանը այսօր առավոտյան հանդիպել են ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ: Հանդիպման նպատակը Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության բացահայտման ընթացքին ծանոթանալն էր:

Ինչպես հայտնում են կուսակցությունից, Վլադիմիր Գասպարյանը վստահեցրել է, որ նախաքննությունը շարունակվում է ամբողջ թափով, ամեն ինչ արվում է հանցագործության լիարժեք, ամբողջական բացահայտման համար: Նա նաև երաշխավորել է, որ նախաքննությանը նպաստող ցանկացած տեղեկության գաղտնիությունը, վկայություն տվողների անվտանգությունը կապահովվի:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համագործակցությունը:

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 2-ի առավոտյան Պռոշյանի գյուղապետարանի դիմաց հայտնաբերվել է Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի դին` աջ քունքի շրջանում հրազենային վնասվածքով: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (սպանություն`անձի կամ նրա մերձավորի` կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ) եւ 235-րդ հոդվածի 1-ի մասի (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով: