ՀՀ Վերահսկիչ պալատը մի շարք բացթողումներ ու խախտումներ է հայտնաբերել Երևանի քաղաքապետարանում: Այսօր ԱԺ-ում ՀՀ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը հայտնեց, որ Երևան քաղաքին պատկանող գույքի օտարման գործարքների ընտրանքային կարգով ստուգված թվով 3 շինությունը (Իսահակյան փողոց, Մաշտոցի պողոտա, Հյուսիսային պողոտա) օտարելուց հետո պայմանագրով նախատեսված ներդրումային պարտավորությունները ստուգման պահին գնորդների կողմից չէին կատարվել: Եվ այդ առումով քաղաքապետարանը որևէ էական միջոցներ դեռևս չէր ձեռնարկել:
Նա նաև նշեց, որ կնքված օտարման պայմանագրերում գնորդների պարտավորություններն անորոշ են, մասնավորապես դրանցում չեն նշվել գնորդների կողմից կատարվելիք ներդրումների չափը և դրանց կատարման ժամկետը. «Արդյունքում, իրավիճակը դարձել է գրեթե անվերահսկելի և անկառավարելի»:
Իշխան Զաքարյանը տեղեկացրեց, որ Երևան քաղաքին պատկանող գույքի ստուգման պահին վարձավճարի գծով պարտքը կազմում էր 9,141.8 հազ. դրամ, որից 7,207.9 հազ. դրամը համայնքի բյուջե է գանձվել ստուգման ընթացքում: Ըստ ՎՊ հաշվետվության՝ հողային պաշարների կառավարման անարդյունավետ դեպքեր նույնպես արձանագրվել են:
Մասնավորապես՝ քաղաքապետարանի թույլտվությամբ իրականացվել են գործող օբյեկտներին հարակից հողերի ընդլայնում կադաստրային արժեքով, մինչդեռ այդ հողային պաշարներն առանձին գույքային միավորներ են և դրանք, ըստ էության, կարող էին օտարվել աճուրդով: Այսինքն, քաղաքապետարանը չի ընտրել հողի օտարման առավել արդյունավետ ճանապարհ, ինչը միևնույն ժամանակ կապահովեր մրցակցություն և թափանցիկություն, իսկ գինը կլիներ «շուկայական»: Հարկ է նշել, որ վերահսկողության ընթացքում հողերի վաճառքը կադաստրային արժեքից ցածր գնով չի տրվել:
Ուշագրավ է նաև այն, որ գործարքները կնքելուց անմիջապես հետո քաղաքապետարանի թույլտվությամբ ձեռք բերված տարածքը կրկին բաժանվում է առանձին միավորների, որից հետո արդեն նոր սեփականտերը ընդլայման նպատակով հատկացման տարածքը, որպես առանձին գույքային միավոր վաճառում է այլ անձնաց` շուկայում գործող գներով: 2010-2012 թթ. աճուրդային կարգով օտարման ներակայցված հողերի մեկնարկային գները որոշ դեպքերում սահմանվել են շուկայականից «ակնհայտ» շեղումներով:
Հողամասերը վարձակալությամբ տրամադրելու գործընթացում նույնպես արձանագրվել են որոշ խնդիրներ, մասնավորապես վարձավճարները սահմանմանվել են կամայական մոտեցումներով: Տարածքները կրկին անհիմն և արհեստական եղանակով բաժանվում են հիմնական և օժանդակ մասերի և յուրաքանչյուրի դեպքում վարձավճարը սահմանվում է տարբեր եղանակով:
Ընտրանքային կարգով ստուգված գործաքներից թվով 104 գործով քաղաքապետարանը չի օգտվել օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորություններից և այդ տարածքները չի օտարել աճուրդով կամ մրցույթով, արդյունքում համայնքի բյուջեն զրկվել է զգալի ֆինանսական մուտքերից:





